Հանդիպում ուսանողների հետ
2008-11-17
Համահայկական երիտասարդական հիմնադրամի գրասենյակում նոյեմբերի 17-ին կազմակերպվել էր հանդիսավոր նիստ` նվիրված ուսանողության միջազգային օրվան: Նիստին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, բուհերի ուսխորհուրդների նախագահներ և ուսանողներ:
Ողջունելով և շնորհավորելով ուսանողներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը կարևորեց ուսանողների մասնակցությունը մեր պետության զարգացման բոլոր ոլորտներում: «Առանց ձեր մասնակցության ու կարողությունների, առանց ձեր ուժի, եռանդի, համարձակության շատ խնդիրներ, որոնք դրված են պետության առջև, նույն արդյունավետությամբ չէին լուծվի: Ձեր մասնակցությունը յուրաքանչյուր հարցում կարող է հաղթանակի հանգեցնել»,-ասաց Ս. Սեյրանյանը:
Միջոցառման հանդիսավոր մասից հետո ծավալվեց քննարկում ուսանողներին հուզող հարցերի շուրջ: ԿԳ նախարարին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին Բոլոնիայի գործընթացին, ուսման վարձերին, վերապատրաստման ծրագրերին, կրեդիտային համակարգի ներդրմանը, փաստաթղթերի փոխճանաչմանը, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերին: Պատասխաննելով ուսնողների հարցերին` Ս. Սեյրանյանը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերի նվազման և նման բացասական երևույթների դեմ պայքարում ուսանողների ակտիվ մասնակցությունը խիստ կարեւոր է: Նախարարը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում նախատեսվում է ուսանողների հետ հանդիպումներ կազմակերպել մի շարք բուհերում, որոնց ընթացքում առավել արդյունավետ կքննարկվեն առկա խնդիրները: