Նախարարների գագաթաժողով Նյուրնբերգում
2008-11-10
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում նոյեմբերի 5-7-ը տեղի ունեցավ Եվրոպայի կրթության նախարարների գագաթաժողով` «Հիշողության ուսուցում. հանուն ազատությունների և օրենքի իշխանության Եվրոպայում» խորագրով: Եվրախորհրդի ծրագրերի շրջանակում անցկացվող գագաթաժողովին մասնակցում էին պատվիրակություններ Եվրոպայի 49 երկրից: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:
«Հիշողության դասավանդում. կրթություն մարդկության դեմ ոճիրների կանխարգելման նպատակով» ծրագիրը ներառում է Եվրոպայի կրթության նախարարների ամենամյա գագաթաժողովներ ԵԽ անդամ երկրներում: Հիշողության ուսուցման ծրագրի գերնպատակն է Եվրոպայում խաղաղ համակեցության, հանդուրժողականության և ազգերի փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը` հիմնվելով Եվրախորհրդի հիմնարար արժեքների վրա: Կրթության ոլորտում ծրագրի նպատակներն են.
•Օժանդակել աշակերտներին հանրակրթական դպրոցներում` յուրացնելու մարդկության դեմ իրականացված ոճիրների պատճառներն ու հետևանքները,
•Բարձրացնել 20-րդ դարի բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ իրականացված ոճիրների մասին տեղեկացվածությունը,
•Դպրոցում ուսուցանել մարդկության դեմ իրականացված ոճիրների կանխարգելման կարևորությանն առնչվող առարկաներ և անցկացնել արտադպրոցական միջոցառումներ:
Նյուրնբերգի գագաթաժողովը բացվեց Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի ուղերձով: Գագաթաժողովում քննարկվեցին Հոլոքոստի իրականացման պատճառները, ընդգծվեց կրթության դերը մարդկության դեմ ոճիրների կանխարգելման գործում: Առաջարկվեցին ուսուցման մեթոդներ, որոնք կնպաստեն հիշողության պահպանմանն ու սերունդներին փոխանցմանը: Նախարարների հանդիպման ընթացքում ելույթ ունեցան Եվրախորհրդի կրթության տնօրեն պրն. Մացցան, Եվրախորհրդի քարտուղարության պատասխանատուներ, Եվրախորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, միջազգային փորձագետներ, Գերմանիայի իշխանության ներկայացուցիչներ և Հոլոքոստ վերապրածներ:
Նկատի ունենալով ծրագրի կարևորությունը Հայաստանի համար, ինչպես նաև ընձեռված հնարավորությունն արծարծելու Հայող Ցեղասպանությանը առնչվող հարցերը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Եվրախորհրդին նախապես տրամադրել էր ծրագրային առաջարկությունների փաթեթ, որում, մասնավորապես, առաջարկվել է 2009թ. աշնանը Հայաստանում կազմակերպել Եվրոպայի կրթության նախարարների գագաթաժողով` «Հիշողության ուսուցում. հիշողության իրավունքը և պարտականությունը» թեմայով:
Գագաթաժողովում ելույթ ունեցավ ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը: Նախարարը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն իր ռազմավարական ուղղություններում կարևոր տեղ է հատկացնում մարդու իրավունքների, ժողովրդավարական, քաղաքացիական կրթությանը և բազմատեսանկյուն մոտեցմամբ պատմության դասավանդմանն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ուսումնասիրություններին: Անդրադառնալով հիշողության ուսուցմանը` նախարարը կարևորեց հիշողության իրավունքն ու պատասխանատվությունը` որպես մարդու իրավունքների մաս և շեշտեց, որ «մեր օրերում արձանագրված հաջողություններին զուգընթաց տեղ են գտնում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են Հոլոքոստի, ցեղասպանությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ իրականացված այլ ոճիրների մոռացումը կամ մերժումը»: Նախարար Սեյրանյանը, խոսելով մարդկության դեմ իրականացված ոճիրների կանխարգելման գործում կրթության դերի մասին, բարձրաձայնեց, որ իբրև մեծագույն ողբերգություն` ցեղասպանություն ապրած ժողովուրդ, հայերս ավելի քան գիտակցում ենք, որ կրթության առաքելությունն է կանխարգելել պատմական փաստերի մերժումը և մարդու իրավունքների և Եվրախորհրդի հիմնարար արժեքների ոտնահարումը:
Նախարարը պաշտոնապես վերահաստատեց «Հիշողության ուսուցում. մարդկության դեմ իրականացված ոճիրների կանխարգելում» Եվրախորհրդի ծրագրի շրջանակներում, Եվրոպայի կրթության նախարարների հաջորդ գագաթաժողովը Հայաստանում անցկացնելու հրավերը: Եվրոպայի կրթության նախարարների հաջորդ գագաթաժողովի թեմա առաջարկվեց «Հիշողության իրավունքն ու պատասխանատվությունը»:
ԿԳ նախարար Ս. Սեյրանյանի ելույթը
Եվրոպայի կրթության նախարարների գագաթաժողովում
Նախարարների հանդիպման հարգելի մասնակիցներ, հյուրեր
Կցանկանայի շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին ու Եվրախորհրդին` «Հիշողության ուսուցումը. հանուն ազատությունների և օրենքի իշխանության Եվրոպայի» նախարարական 4-րդ հանդիպումը կազմակերպելու համար:
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն իր ռազմավարական ուղղություններում կարևոր տեղ է հատկացնում մարդու իրավունքների, ժողովրդավարական քաղաքացիության կրթությանը և բազմատեսանկյուն մոտեցմամբ պատմության դասավանդմանն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ուսումնասիրություններին:
Հայաստանը բարձր է գնահատում Եվրախորհրդի` հիշողության ուսուցմանը, մարդու իրավունքների բարելավմանը և երկրների միջև միջմշակութային երկխոսության զարգացմանն ուղղված ծրագրերը:
Մենք ելնում ենք այն իրողությունից, որ կայուն ժողովրդավարություն կառուցելու ճանապարհին կարևորագույն դեր է խաղում կրթությունը: Կայուն ժողովրդավարության և օրենքի իշխանության վրա հիմնված հասարակություն կառուցելու համար անհրաժեշտ են կրթված և իրազեկված քաղաքացիներ:
Կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող, համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է: Կրթության բնագավառում պետական քաղաքականության կարևոր սկզբունքներից է կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության, ազգային արժանապատվության, հայրենասիրության, օրինականության և բնապահպանական աշխարհայացքի դաստիարակությունը:
Ներկա հանդիպման գաղափարախոսությունը` հիշողության ուսուցումը, հիմնված է ազգային և համամարդկային արժեքների միաձուլման վրա: Այն հանգեցնում է մշակույթների, կրոնի, պատմության, լեզուների ուսումնասիրության անհրաժեշտությանը` նպատակ ունենալով կայուն ժողովրդավարության և խաղաղ համակեցության հաստատմանը:
Ընդ որում, հատկապես կարևոր է առանձնացնել հիշողության իրավունքն ու պատասխանատվությունը` որպես մարդու իրավունքների մաս: Մեր դարաշրջանում արձանագրված հաջողությունների հետ մեկտեղ տեղ են գտնում այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ցեղասպանությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ գործված այլ ոճիրների մոռացումը կամ մերժումը: Իբրև մեծագույն ողբերգություն` ցեղասպանություն ապրած ժողովուրդ, հայերս ավելի քան գիտակցում ենք, որ կրթության առաքելությունն է կանխարգելել պատմական փաստերի մերժումը և մարդու իրավունքների և Եվրախորհրդի հիմնարար արժեքների ոտնահարումը:
Համառոտ կցանկանայի անդրադառնալ նաև հիշողության ուսուցման մեկ այլ բաղկացուցչին` խաղաղության ամրապնդմանը կրթության միջոցով: Հիշողության ուսուցման բուն գաղափարն է աջակցել անձերի և ազգերի ավելի խոր փոխըմբռնմանը: Կոնֆլիկտների վերլուծության և լուծման ուսուցման զարգացումը նույնպես իր ծանրակշիռ նպաստը կբերի խաղաղության, համերաշխության, փոխըմբռնման և լարվածության նվազմանը ինչպես հասարակությունների ներսում, այնպես էլ կոնֆլիկտներով ընդգրկված մեր տարածաշրջանում:
Հիշողության ուսուցումը կարելի է դիտարկել որպես գլոբալացման և կոնֆլիկտների ահագնացմամբ պայմանավորվող աշխարհի մարտահրավերներին կրթության պատասխան: Կարծում եմ, որ միայն գիտելիքով կարելի է խուսափել կարծրատիպերից, սև ու սպիտակ, չար ու բարի սահմանազատումներից… Եվ սա պետք է յուրացվի, դառնա գիտելիք ու ապրելակերպ, մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը: Ահա եվ այստեղ մենք` կրթության աշխատողներս, ունենք առաքելություն. փոխանցել ու զարգացնել հումանիզմի, հիշողության և միջմշակութային կրթության գաղափարներն ու սկզբունքներն` ավելի լավ, խաղաղ ու ներդաշնակ աշխարհ ունենալու ակնկալիքով:
Գտնվելով այստեղ` կցանկանայի նշել, որ այս ծանր և ողբերգական ուղին` Դախաուից Նյուրեմբերգ, մեզ և հաջորդ սերունդներին պետք է հիշեցնի մարդկության դեմ իրականացված ոճիրների դեմ պայքարի, պատասխանատվության և արդարության վերականգնման մասին: Սակայն ամենակարևոր առաքելությունը, որ մենք` կրթության պատասխանատուներս, պետք է ունենանք, հումանիստական ավանդույթների դասավանդումն է, մարդկության հիշողության իրավունքն է ու պատասխանատվությունը:
Հիմնվելով Եվրախորհրդի ղեկավարության և գործընկերների հետ հանդիպումների արդյունքների և ՀՀ կառավարության արած առաջարկի վրա` ՀՀ ԿԳՆ վերահաստատում է իր պատրաստակամությունը հաջորդ` 2009թ. նախարարական հանդիպումը անցկացնել Հայաստանում` “Հիշողության իրավունքն ու պատասխանատվությունը” խորագրով:
ԵԽ բոլոր անդամ-երկրների պատվիրակություններին, Եվրախորհրդի քարտուղարությանը, փորձագետներին սիրով հրավիրում եմ Հայաստան:












