Բաց քննարկում ծնողների և աշակերտների հետ
2008-11-04
Երևանի թիվ 198 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ բաց քննարկում` ավագ դպրոցների փորձնական ծրագրի երկամսյա գործունեության շուրջ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ, գործող ավագ դպրոցների տնօրեններ, ծնողներ և աշակերտներ: Քննարկումը վարում էր ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը: Նա, ողջունելով քննարկման մասնակիցներին, նշեց, որ ակնկալում է բաց ու անկեղծ զրույց ծնողների ու աշակերտների հետ:
Ծավալված քննարկման ընթացքում ծնողները նշեցին, որ այս կարճ ժամանակահատվածում արմատապես փոխվել է աշակերտների վերաբերմունքը դեպի դպրոցն ու գիտելիքը` ինչ-որ չափով ճշգրտվել է մասնագիտական կողմնորոշումը: Աշակերտներն իրենց խոսքում առավել կարևորեցին այն մթնոլորտը, որը նպաստում է ուսուցմանը: Նրանք փորձեցին գնահատականներ տալ այս երկու ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքներին, դասարաններում ձևավորված մրցակցությանն ու ուսուցիչների կողմից կիրառվող այն մեթոդներին, որոնք առավել հետաքրքիր ու արդյունավետ են դարձնում ուսումնական գործընթացը:
Քննարկման ավարտին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Բ. Եսայանը, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշեց. «Մենք թիվ 198 դպրոցի աշակերտների ծնողների հետ հանդիպել էինք օգոստոս ամսին, երբ նոր էր ստեղծվում ավագ դպրոցը: Պետք է փաստել, որ այն ժամանակ հիմնականում գերակշռում էր անվստահությունն ու թերահավատությունը դեպի այս նոր ծրագիրը: Այսօր արդեն պատկերն այլ է. նույնիսկ այն ծնողները, ովքեր նախորդ հանդիպման ընթացքում դեմ էին արտահայտվում, փոխել են իրենց տեսակետները: Ծնողների և աշակերտների խոսքում առկա ոգևորությունն ու հավատը փաստում են, որ հանրակրթությունում իրականացվող բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղով, և զարգացումները բերելու են ցանկալի արդյունքների»:












