«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ
2008-10-28
Նախագիծ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ, 12-րդ հոդվածի 1-ին և 15-րդ հոդվածի 11-րդ մասերի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) մասնագիտությունների ցանկը և կարգը` համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
N որոշման
ԿԱՐԳ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ (ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ) ՁԵՎՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կարգը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցման) (այսուհետ` վարպետային ուսուցում) կազմակերպումը և իրականացումը:
II. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ
2.Վարպետային ուսուցումը մասնագիտական կրթության բնագավառում համակարգված ուսուցման ձև է, երբ անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը ուսուցանողի և ուսանողի միջև իրականացվում է անհատական ուսուցման ժամանակացույցի հիման վրա:
3.Վարպետային ուսուցում կարող են կազմակերպել մասնագիտական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն), կազմակերպությունները, համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող արհեստավորները (այսուհետ` վարպետներ), որոնք ունեն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման լիցենզիա:
4.Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրի բովանդակությունն ըստ մասնագիտությունների և նրանց որակավորումների որոշվում է այդ մասնագիտությունների և նրանց որակավորումների համար սահմանված պետական կրթական չափորոշիչների պահանջներին համապատասխան:
5.Վարպետային ուսուցմամբ իրականացվող կրթական ծրագրերն իրականացվում են ուսուցման այնպիսի ձևերով, որոնք տարբերվում են ուսուցման այլ ձևերից (առկա, հեռակա, դրսեկությամբ, հեռավար) ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններով, դասավանդման մեթոդներով, ուսուցման տեխնոլոգիաներով, ուսանողի հետ վարպետի և դասախոսի աշխատանքի պարտադիր պարապմունքների ծավալով ու հարաբերակցությամբ:
6.Տվյալ մասնագիտության որակավորման գծով վարպետային ուսուցման պարտադիր պարապմունքների ծավալը և դրանց ուսուցման տևողությունը որոշվում է պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան:
III. ՎԱՐՊԵՏԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
7.Վարպետային ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են, որոնք կազմվում են տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշչի հիման վրա:
8.Տվյալ մասնագիտության որակավորման վարպետային ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց բոլոր պահանջները կատարած ուսանողին ամփոփիչ ատեստավորման հիման վրա հանձնվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ` դիպլոմ և դրա ներդիրը:
9.Վարպետային ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության, կազմակերպության տնօրենի կամ վարպետի կողմից հաստատած և ուսանողի հետ համաձայնեցված ուսուցման ժամանակացույցին համապատասխան:
10.Վարպետային ուսուցումը կարող է իրականացվել ուսումնական հաստատությունում, կազմակերպությունում կամ վարպետի արհեստանոցում:
11.Տվյալ մասնագիտության որակավորման ուսումնական պլանում ընդգրկված յուրաքանչյուր առարկայի գծով յուրաքանչյուր ուսանող հանձնում է նախատեսված ստուգարքները, քննությունները կամ մոդուլները` դրանց համար սահմանված գնահատման կարգով: Առանձին վարպետների մոտ սովորող ուսանողներն ընդհանուր մասնագիտական և ոչ մասնագիտական առարկաների ուսումնասիրումն ու ընթացիկ և ամփոփիչ ատեստավորումն անցկացնում են այն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում, որոնց հետ պայմանագրային սկզբունքով համագործակցում է վարպետը:
12.Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգավորումը իրականացվում է ուսումնական հաստատության կամ կազմակերպության վարչական աշխատողների, դասախոսների և վարպետների կողմից:
13.Վարպետային ուսուցման ուսումնական պլանում նախատեսված դասընթացների և կամ մոդուլների ուսուցումն իրականացվում է հետևյալ ձևերով`
1)արհեստանոցում` վարպետի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով,
2)լսարանում դասախոսի և ուսանողի անմիջական հաղորդակցման միջոցով,
3) ուսումնական նյութերի հետ ուսանողի ինքնուրույն աշխատանքի միջոցով: