Սոցիալական գործընկերություն կրթության ոլորտում
2008-10-23
«Անի պլազա» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ «Սոցիալական գործընկերությունը մասնագիտական կրթության և ուսուցման /ՄԿՈՒ/ ու զբաղվածության ոլորտում» նախագծի ամփոփիչ համաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` նախարարի տեղակալը շնորհակալության և գովեստի խոսքեր ասաց բոլոր գործընկերներին, ովքեր նպաստել են նախագծի մշակման գործընթացին: Նա կարևորեց Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ձևավորումը, ինչպես նաև կառավարման խորհուրդների կազմավորման մոտեցումների ու կրթություն-գործատու համագործակցության եզրերի հստակեցումը:
Եվրոպական կրթական հիմնադրամի Սոցիալական գործընկերության ծրագրի ղեկավար Կարլ-Աքսել Շոլտշրուպը ողջույնի խոսքում բարձր գնահատեց կատարված աշխատանքը` ներկայացնելով նաև այն խնդիրները, որոնք ակնկալվում են քննարկել համաժողովում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը ներկայացրեց Հայաստանում ՄԿՈՒ և զբաղվածության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը: Հայեցակարգն ուղղված է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության ձևավորմանը, և կնպաստի սոցիալական գործընկերներին մասնագիտական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին հավասար իրավունքներով մասնակից և պատասխանատու դարձնելուն: Արդյունքում նախատեսվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգի հեղինակության, ուսումնական հաստատությունների շրջանավարտների մրցունակության բարձրացում և շահերի պաշտպանություն աշխատաշուկայում: Հայեցակարգը միտված է երկրում աղքատության հաղթահարմանը ու սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Համաժողովին մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: