«Կրթություն և կարիերա EXPO 2008» ցուցահանդես

2008-10-22

Այսօր Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ «Կրթություն և կարիերա EXPO 2008» 9-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը: Ցուցահանդեսի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին ուղղված ՀՀ կրթության և գիտության նախարարի ուղերձը ներկայացրեց ԿԳՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ա. Աղբալյանը:

Նախարարի ուղերձում նշվում էր, որ նման միջոցառումները   հնարավորություն են տալիս դրսևորելու կրթական բարեփոխումներին ուղղված տարաբնույթ ծրագրերի, առաջարկների և արդյունքների այն հանրագումարը, որին մենք միտված ենք եղել վերջին տարիների ընթացքում: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ցուցահանդեսը ոչ միայն կկայանա որպես ամենամյա կարևոր մի իրողություն, այլև կընդարձակի իր սահմանները և կներգրավի նորանոր մասնակիցների, քանի որ այն նաև անփոխարինելի միջոց է կրթական ոլորտի նորույթների մասին հասարակության իրազեկման և անաչառ լուսաբանման համար: 

Ցուցահանդեսին մասնակցում էին ՀՀ պետական և ոչ պետական բուհերը, միջպետական համաձայնագրերով ՀՀ-ում գործող ուսումնական հաստատությունները, նախնական և միջին մասնագիտական կրթօջախները, ինչպես նաև կրթական ծառայություններ մատուցող տեղական և միջազգային կազմակերպություններ: Ցուցահանդեսին մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը, գնահատման և թեստավորման կենտրոնը և հանրապետությունում գործող 10 ավագ դպրոցները:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։