Պարգևներ և մրցանակներ ուսուցիչներին
2008-10-07
Հոկտեմբերի առաջին կիրակին յուրաքանչյուր տարի նշվում է որպես Ուսուցչի տոն: Մանկավարժների մասնագիտական տոնի առթիվ մեր հանրապետությունում ավանդաբար կազմակերպվում են հանդիսություններ: Այսօր Ա. Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ պաշտոնական արարողություն` նվիրված Ուսուցչի օրվան: Հանդիսությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, պետական և հասարակական գործիչներ, կրթական բնագավառի ներկայացուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին տոնի կապակցությամբ` ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանի ապագան տեսնելու համար պետք է նայել մեր աշակերտներին, որոնց դաստիարակման ու կայացման գործում անգնահատելի է ուսուցչի գործունեությունը: «Այս տոնը բացառիկ հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս կարևորելու ուսուցչի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում և Կառավարության կողմից տրվող այսօրվա պարգևները ընդամենը մի փոքրիկ նշան են այդ գնահատման»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, շնորհավորելով բոլոր մանկավարժներին, նշեց, որ մեր երկրի համար ծանր ժամանակաշրջանում ուսուցիչներն իրենց ուսերին էին վերցրել անկախության սերնդի դաստիարակման գործն ու արժանապատվորեն արձանագրել հաղթանակ: Նախարարն առավել կարևորեց ուսուցչի դերը մեր ինքնության ճանաչման, ազգային մշակույթն ու հոգևոր արժեքներն իր մեջ կրող սերնդի կրթման գործընթացում:
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական ամենամյա մրցույթի արդյունքները: ՀՀ վարչապետը «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող ճանաչված Տավուշի մարզի Իջևանի թիվ 1 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անուշ Մեհրաբյանին և «Տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգի մրցանակակիր` Գեղարքունիքի մարզի Գավառի թիվ 7 մանկապարտեզի դաստիարակ Արփիկ Հովակիմյանին հանձնեց ավտոմեքենաների բանալիներ: «Տարվա լավագույն տնօրեն» ճանաչված Վայոց Ձորի մարզի Մալիշկայի թիվ 1 դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը ստացավ համակարգիչ:
Կրթության բնագավառում ցուցաբերած վաստակի և երկարամյա մանկավարժական գործունեության համար ՀՀ նախագահի անունից այսօրվա հանդիսության ժամանակ հանրապետության 8 մանկավարժի շնորհվեց «ՀՀ վաստակավոր մանկավարժի» կոչում, ևս 8-ը պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդալով:
Վաստակաշատ 3 ուսուցիչ ստացավ ՀՀ վարչապետի հուշամեդալ, ևս 6-ը` ՀՀ վարչապետի շնորհակալագիր:
Մի խումբ մանկավարժների հանձնվեցին նաև այլ խրախուսական մրցանակներ ու պարգևներ:
Հանդիսությունները շարունակվեցին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: Նախարար Ս. Սեյրանյանի հրամանով երկարամյա մանկավարժական գործունեության և կրթության բնագավառում ունեցած վաստակի համար ԿԳՆ «Ոսկե հուշամեդալի» և պատվոգրերի արժանացան մի խումբ ուսուցիչներ ու տնօրեններ: