Կրթության իրավունքի ապահովում

2010-03-25

Ռասիզմի և անհանդուրժողականության հարցերով եվրոպական հանձնաժողովի անդամներ Մայքլ Հեդին, Ստեֆանոս Ստավրոսին և Արվիդաս Մատուլիոնիսին այսօր ընդունեց կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Հայաստանի Հանրապետության վերաբերյալ երրորդ զեկույցի պատրաստման նպատակով հանձնաժողովականներին հետաքրքրում էին ազգային փոքրամասնությունների կրթության իրավունքի իրականացման հետ կապված գործընթացները: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները կրթության հետ կապված հիմնախնդիրներ չունեն, և ծագած յուրաքանչյուր հարց  արագ լուծում է ստանում:
«Հայ ժողովուրդը, որն ունի մեծ Սփյուռք, հստակ գիտակցում է այն բոլոր դժվարությունները, որոնք կարող են ծագել պետության մեջ ապրող ազգային փոքրամասնությունների համար, և ամեն ինչ արվում է դրանք նվազեցնելու կամ լուծելու ուղղությամբ»,-հավելեց Մ. Մկրտչյանը: Նա նաև տեղեկացրեց, որ կազմվել և ներդրվել է «Ազգային փոքրամասնությունների հանրակրթական դպրոցի /դասարանի/ օրինակելի ուսումնական պլանը», ըստ որի ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի և գրականության ուսուցման համար 1-10-րդ դասարաններում հատկացված է 43 ժամ:
Հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր ազգային փոքրամասնությունների` մայրենի լեզվով դասագրքերի ստեղծման և համապատասխան ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցերը: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ մշակվել են  «Եզդիերեն լեզվի և գրականության» և «Ասորերեն լեզվի և գրականության» 1-10-րդ դասարանների ծրագրերը, որոնց մեջ ներառված են համապատասխանաբար եզդի և ասորի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին վերաբերող նյութեր: Հրատարակվել են «Ասորերենի այբբենարանը»  և «Եզդիերեն լեզվի և գրականության» 1-5-րդ դասարանների դասագրքերը: 2009 թվականին հրատարկվել են 6-րդ, իսկ 2010-ին կհրատարակվեն 7-րդ դասարանների դասագրքերը: Կազմակերպվել են նաև ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ռուսերեն դասագրքերի թարգմանության, բուհերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին նպատակային տեղերի հատկացման և այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։