Մարզական խաղեր` նվիրված ՀՀ Սահմանադրության 15-ամյակին
2010-03-23
Ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման, ինչպես նաև նրանց մարզական վարպետության բարձրացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ստեղծված Ուսանողական մարզական ֆեդերացիան ամեն տարի կազմակերպում է ուսանողական մարզական խաղեր: Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների 11-րդ ավանդական մարզական խաղերը, որոնք նվիրված են ՀՀ Սահմանադրության 15-ամյակին:
Մարզական խաղերի բացման կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը մրցաշարի մասնակիցներին հղել էր ողջույնի խոսք, որն ընթերցեց նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը: Ուղերձում, մասնավորապես, ասված էր. «Ֆիզիկական կուլտուրայի պարապմունքները մասնակիցների համար դարձել են կյանքի լավագույն բաղադրիչ, կենսակերպ ու կենցաղում արմատավորվել որպես առողջ ապրելակերպ: Ձեր այսօրվա նվաճումները նոր հորիզոն են բացում դեպի մեծ սպորտ տանող ճանապարհին: Մաղթում եմ ձեզ ազնիվ մրցաշար, հաղթանակի բերկրանք ու նորանոր նվաճումներ կյանքի բոլոր բնագավառներում»:
Մասնակիցներին ողջունեց Ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը: Ուսանողներին մաղթելով հաջողություններ` փոխնախագահը նշեց.«Այս խաղերի միջոցով տարեցտարի ընդլայնվում է մեր բուհերում ուսանողական մարզական ներբուհական ընտրական առաջնությունների մասնակիցների թիվը: Հիմնական նպատակ ունենալով արմատավորել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերը` մարզական խաղերի անցկացման շնորհիվ աճել է ոչ միայն ուսանողների ընդգրկվածությունը, այլ նաև նրանց մարզական վարպետությունը»:
Խաղերը կանցկացվեն 8 մարզաձևից (շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ, բասկետբոլ, աթլետիկա, աթլետիկական կրոսավազք, լող, ձեռքի գնդակ): Մրցաշարին կմասնակցեն 15 բարձրագույն ուսումնական հաստատությունների հավաքականները ներկայացնող շուրջ 3000 ուսանող-մարզիկներ:
Հայաստանի ուսանողական հավաքական թիմերը մասնակցում են նաև ուսանողական համաշխարհային մարզական խաղերին /Ունիվերսիադա/: 2009թ. համաշխարհային ունիվերսիադային, որն անցկացվել է Սերբիայի Բելգրադ քաղաքում, հայ մարզիկները ձյուդո և թաեքվանդո մարզաձևերում արժանացել են բրոնզե մեդալների:
Խաղերի բացման արարողությունից հետո մրցասպարեզը տրամադրվեց կանանց վոլեյբոլի հավաքականներին:












