Հայաստանը և Լեհաստանը` Բոլոնիայի գործընթացի համանախագահներ
2010-03-16
Մարտի 11-12-ը Բուդապեշտում և Վիեննայում կայացավ Բոլոնիայի գործընթացի 10-ամյակին նվիրված գագաթաժողով, որին մասնակցում էր Բոլոնիայի անդամ 47 երկրի, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ: Գագաթաժողովն ընդունեց Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի վերաբերյալ Բուդապեշտ–Վիեննայի հռչակագիրը և Բոլոնիայի քաղաքականության համաժողովի հայտարարությունը:
Այս կապակցությամբ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել էր «Բոլոնիայի գործընթացի 10-ամյակ. հիմնախնդիրներ և ձեռքբերումներ» թեմայով մամուլի ասուլիս, որին մասնակցում էին նախարար Արմեն Աշոտյանը և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:Բացելով ասուլիսը` նախարարը նշեց, որ գագաթաժողովի ընթացքում հայտարարվել է 1999թ. Բոլոնիայի հռչակագրով նախատեսված Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի հիմնադրումը: Նախարարն իր խոսքում անդրադարձավ Բոլոնիայի գործընթացի երեք կարևորագույն բաղադրիչներին: Ըստ նախարարի` Բոլոնիայի գործընթացը նախևառաջ կրթական գործընթաց է, որը միտված է եվրոպական տարածքում ընդհանուր կրթական միջավայրի ստեղծմանը և ընդլայնված Եվրոպայի շրջանակում կրթական փոխճանաչելի համակարգի ներդրմանը: «Այս գործընթացի երկրորդ կարևորագույն բաղադրիչը քաղաքական բաղադրիչն է. Բոլոնիայի գործընթացն իր մեջ ունի խորը քաղաքական իմաստ, որովհետև միասնական տնտեսական, քաղաքական, սոցիալական դաշտով միավորված Եվրոպան դժվար է պատկերացնել առանց միասնական կրթական և գիտական տարածքների, որովհետև թե քաղաքականությունը, և թե տնտեսությունը պետք է սպասարկվեն ընդհանուր կրթական տարածքով: Երրորդը սոցիալական բաղադրիչն է. Բոլոնիայի գործընթացը միավորել է բարձրագույն կրթության բնագավառում ընդգրկված բոլոր շահառուներին` տարբեր երկրների կառավարություններ, ուսումնական հաստատություններ, ուսանողներ, գործատուներ, ինչպես նաև միջազգային եվրոպական միություններ ու կառույցներ»,-ընդգծեց նախարարը: Ա. Աշոտյանը նշեց, որ 10 տարվա ընթացքում արձանագրվել են բազմաթիվ նվաճումներ` դրանք տեղայնացնելով Հայաստանի օրիանակով: Ըստ նախարարի` առաջին նվաճումը եռաստիճան կրթական համակարգի և կրեդիտային համակարգի ներդրումն էր, ուսանողի գնահատումը ոչ միայն գիտելիքի, այլև հմտության, կարողությունների և գործնական կյանքում այդ գիտելիքի դրսևորման հնարավորության հիման վրա: Բացի այդ, որակի հսկողության մեխանիզմների և ինստիտուտների ներդրումն էր, ինչպես նաև շարժունությունը, որը թույլ է տալիս ուսանողներին հանգիստ տեղաշարժվել եվրոպական ընդհանուր տարածքով և ուսումը շարունակելու հնարավորություն ունենալ այդ տարածքում գտնվող գրեթե բոլոր ուսումնական հաստատություններում: «Կան նաև այլ ձեռքբերումներ` սոցիալական գործընկերությունը, որի շնորհիվ մենք Բոլոնիայի գործընթացի տրամաբանության մեջ փորձում ենք միավորել ուսանողների, դասախոսների, բուհերի, գործատուների և պետության մոտեցումները»,-նշեց նախարարը` հավելելով, որ 47 երկրի շարքում պետք է ձգտել գտնել և ընդգծել սեփական տեղը: Նա նշեց, որ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում Հայաստանը գտնվում է ոչ առաջատար և ոչ էլ հետնապահ դիրքերում: Այս համատեքստում կա հսկայական աշխատանք Որակավորումների ազգային շրջանակի հետ կապված, օրենսդրական փոփոխությունների և ուսանողների ներգրավվածության առումով:
Նախարար Աշոտյանը նշեց, որ գագաթաժողովի ընթացքում քննարկվել են նաև հիմնախնդիրներ, որոնք առկա են ինչպես եվրոպական գրեթե բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այդ բարեփոխումների երբեմն ձևական բնույթին, երբ բովանդակային, ծրագրային փոփոխությունները տեղը զիջում են ֆորմալ մոտեցումներին, այն է` հին գաղափարախոսությունը նոր փաթեթավորման մեջ»-,նշեց նախարարը` որպես ընդհանուր հիմնախնդիր նշելով նաև ուսանողների թերիրազեկվածության և ներգրավման հարցը: Երրորդ խնդիրը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմերի և մասնագետների ոչ լիարժեք պատկերացումներն են գործընթացի վերաբերյալ: Չորրորդը, ըստ նախարարի, իրավական դաշտի անհամապատասխանությունն է և հաճախ նաև օրենսդրական նորմատիվ ակտերի բացակայությունը` կախված երկրներից:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջին անգամ պատվիրակության մեջ ընդգրկվել է ուսանողության երկու ներկայացուցիչ` ի դեմս ԵՊԲՀ-ի և Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդների ղեկավարների, ինչպես նաև նախարարության, ԱՓՇՏԱԿ-ի ներկայացուցիչներ, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կողմից` ԵՊՀ ռեկտորը: Ա. Աշոտյանը նշեց, որ այցի ընթացքում հաջողվել է ինտենսիվ աշխատել թե ընդհանուր ժողովների, թե աշխատանքային քննարկումների շրջանակում: Բացի այդ, տեղի են ունեցել երկկողմանի բազմաթիվ հանդիպումներ այն երկրների հետ, որոնց հետ համագործակցությունը կարևորում է Հայաստանը, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռքբերվել պայմանագրերի մշակման աշխատանքներ սկսել սկանդինավյան մի շարք երկրների, Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի և Ավստրիայի բարձրագույն կրթության նախարարությունների հետ: Շուրջ 10 երկրի պատվիրակությունների հետ քննարկվել են միջպետական և միջկառավարական պայմանագրերի ստորագրման հնարավորությունները:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ Բոլոնիայի գործընթացը 2010 թվականի հուլիսի 1-ից ունենալու է համանախագահների ինստիտուտ, և Հայաստանը Լեհաստանի հետ միասին համանախագահելու է 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև տարեվերջ: Ա.Աշոտյանը նշեց, որ լեհական կողմի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռքբերվել ստեղծել աշխատանքային խումբ` վեց ամսվա ընթացքում լավագույն կերպով դրսևորվելու և եվրոպական տարածքում կոնկրետ միջոցառումներով աչքի ընկնելու նպատակով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում նախատեսվում է երկու համաեվրոպական խոշոր համաժողով` առաջինը նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին, մյուսը` Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի աշխատանքային նիստը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:
ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը նշեց, որ Եվրոպական ընդհանուր տարածքի ստեղծումը համաշխարհային մրցակցությանը դիմագրավելու եվրոպական երկրների փորձն էր: «Բոլոր երկրները միասնական փորձ են կատարում համաշխարհային գիտակրթական տարածքում գերիշխող դիրք գրավելու համար: Միայն համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր այդ խնդիրները հաղթահարել, և հենց նմանատիպ հանդիպումներն են, որ նպաստում են գիտակրթական ոլորտում առաջացած հիմնահարցերի լուծմանը»,-նշեց ԵՊՀ ռեկտորը` հավելելով, որ պետք է հնարավորինս պահպանել այն արժեքները, որոնք առկա են և տեղեկացրեց, որ ԿԳ նախարարը գագաթաժողովին հնչած իր ելույթի ընթացքում բարձրացրել է կրթագիտական արժեքների հարցը` հնարավորինս պահպանել այն արժեհամակարգը, որը ձևավորված է տարբեր երկրների բարձրագույն կրթության ոլորտում և դրանք միացնել համաեվրոպական և համամարդկային արժեքներին: Ելութը մեծ արձագանք է ստացել և զեկուցողներից շատերն իրենց խոսքում հղումներ են կատարել ՀՀ կրթության և գիտության նախարարի խոսքին:
Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին:












