Ընդհանուր կրթական տարածք
2010-03-16
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հումանիտար ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները: Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ այս հանդիպումը երկար սպասված էր, և երկու հարևան երկրների հարաբերություններում կրթության ոլորտը գերակա ուղղություններից մեկն է հանդիսանում, առավել ևս, որ երկու երկրներն ունեն դարերով ձևավորված ավանդույթներ:
«Ընդհանուր տնտեսություն ունեցող երկրները պետք է ունենան ընդհանուր կրթական տարածք` առավել ինտեգրվելով հատկապես բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում և իննովացիոն համագործակցության դաշտում»,-նշեց նախարարը` հավելելով, որ կրթության ոլորտում երկու պետությունների միջև իրականացվել են բազմաթիվ արդյունավետ նախագծեր, բայց առկա են նաև հիմնախնդիրներ, մասնավորապես, Վրաստանում մեր հայրենակիցների կրթական իրավունքների պահպանմանը: Նա նշեց, որ հայոց լեզու, հայ գրականություն, հայ եկեղեցու պատմություն առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստման գործընթացում նախորդ տարի առաջացել են որոշակի խնդիրներ, որն առավելապես երկու կողմերի չհամակարգված գործունեության հետևանք է: Այս համատեքստում նախարարը տեղեկացրեց, որ այս տարի պահպանվել են նշված ոլորտի բյուջետային հատկացումները և հույս հայտնեց, որ նշված գործընթացն այսուհետ առավել հարթ կընթանա: Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև Սփյուռքի հայկական կրթօջախներին, մասնավորապես, Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրվող դասագրքերի խնդրին: Նախարարը նշեց, որ աշխարհի շուրջ 60 երկրի հայկական կրթօջախներին ամեն տարի տրամադրվում է ավելի քան 32 հազար կտոր դասագիրք: Որևէ տեղ ուսումնամեթոդական գրականության հետ կապված խնդիր չի առաջացրել և տարօրինակ է, որ նման խոչընդոտ ի հայտ է եկել Վրաստանում. «Եթե առկա է տվյալ երկրի ուսումնական գործընթացների համաձայնեցման խնդիր, ապա մենք պատրաստ ենք քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և գտնել այնպիսի մեխանիզմներ, որ նման խնդիրներ այլևս չառաջանան»,-նշեց Ա. Աշոտյանը: Երրորդ խնդիրը, որին անդրադարձավ նախարարը, վերաբերում էր Վրաստանի հայերով խիտ բնակեցված տարածքում հայ-վրացական համատեղ համալսարանի ստեղծման գաղափարին: Այս համատեքստում նախարարը նշեց, որ միջպետական բուհական համագործակցության դաշտում հայկական կողմն ունի մեծ փորձ. Հայաստանում գործում են հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-ռուսական համալսարաններ: «Այս խնդիրը շատ կարևոր է և պետք է լուծվի պետական մակարդակով: Համալսարանն ինքնատիպ ինտելեկտուալ կրթական կամուրջ կհանդիսանա երկու երկրների մտավոր ներուժի համար` ամրապնդելով քաղաքական և տնտեսական համագործակցությունը»,-նշեց Ա. Աշոտյանը: Հանդիպման ընթացքում նախարարը հանդես եկավ նաև նոր առաջարկով` ԵՊՀ-ում կամ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում բացել վրացերեն լեզվի ուսումնասիրման կենտրոն, որը կհանդիսանա վրացական մշակույթի և լեզվի զարգացմանը նպաստող կենտրոն: «Որքան լավ միմյանց ճանաչենք ու համատեղ գործենք, այնքան դյուրին և արդյունավետ կլինի մեր հարևանությունը: Մենք միշտ բաց և պատրաստակամ ենք քննարկելու և համատեղ իրականացնելու ցանկացած ծրագիր»,-նշեց նախարարը:
Դեսպանը նշեց, որ կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության համաձայնագիրը ամբողջությամբ չի բխում երկու երկրների միջև ձևավորված պատմական և ներկա համագործակցության մասշտաբներից’ հավելելով, որ անհրաժեշտություն կա առավել խորը և բովանդակային համագործակցության: Դեսպանը նախարարին փոխանցեց Վրաստանի կրթության նախարարի հրավերը` այցելել հարևան երկիր` տեղում ծանոթանալու Վրաստանի կրթական համակարգին, քննարկելու բարձրացված հարցերը և երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու նպատակով: