Համաժողով` նվիրված համալսարանների կառավարման խնդիրներին

2010-03-11

Կիևում կայացավ «Համալսարանների կառավարումը Արևելյան Եվրոպայի երկրներում» Տեմպուսի տարածաշրջանային համաժողովը, որի աշխատանքներին մասնակցում էր շուրջ 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Ա.Տեր-Հովակիմյանը, TEMPUS-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Լ. Կարլովան, Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ա.Գրիգորյանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը, ՀՀ ԿԳ նախարարության բարձրագույն կրթության համակարգման և վերահսկման բաժնի պետ Ս.Մելիքյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» աուդիտի բաժնի պետ Մ. Այվազյանը, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ս.Կարաբեկյանը և ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի տնօրեն Տ. Զարգարյանը:
Ֆրանսիայի, Ավստրիայի և Շվեդիայի համալսարանների կառավարման ոլորտում կատարված բարեփոխումների վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան Ժան Պիեռ Ֆինանսը, Սիգուրտ Հոլինգերը և Լենարտ Սթալլեն:
Աշխատանքային խմբերում քննարկվեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության, նախարարությունների դերի վերաիմաստավորման, կառավարման, ֆինանսաբյուջետային հարցերի և կառավարման խորհուրդներում ուսանողության ներգրավվածության մեծացման և այլ հարցեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։