Խորհրդարանական լսումներ
2010-03-10
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 9-ին կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` «Ավագ դպրոցի ներդրման և միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրացման հետևանքներն ու առկա հիմնախնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ոլորտի պատասխանատուներ, ավագ դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ:
Ներկայումս հանրապետությունում գործում են երկու տեսակ ավագ դպրոցներ` ավագ դպրոց միջնակարգ դպրոցների կազմում` որպես կրթական աստիճան, և առանձնացված ավագ դպրոց` որպես ուսումնական հաստատության տարատեսակ: Գործող 48 առանձնացված ավագ դպրոցների ցանցին այս տարի կմիանան ևս 40-ը. մինչև 2011 թվականը նախատեսվում է ցանցն ընդլայնել` դրանց թիվ հասցնելով 150-ի:
Բացելով լսումները` ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, ավագ դպրոցների ներդրման և կայացման խնդիրը հուզում է հասարակությանը, և խորհրդարանական լսումները կազմակերպվել են առաջացած մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով: Նա նշեց, որ կրթությունն իր մեջ պարունակելով խոր պահպանողական արմատներ` անընդհատ գտնվում է արդիականացման փուլում:
Քննարկման մասնակիցներին իր ողջույնի խոսքն ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որում, մասնավորապես, ասված էր. «Մեզ բոլորիս այսօր համախմբել է ավագ դպրոցի ներդրման և միջնակարգ կրթության երրորդ աստիճանի իրականացման հիմնախնդիրների կարգավորման կարևորությունը: Կրթական ոլորտի բարեփոխումները կարևոր են ամենքիս համար, քանզի հենց այդ դարբնոցում է կոփվում մեր վաղվա օրը: Հայաստանում միջնակարգ ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան կրթական ծրագրերով` տարրական, միջին և ավագ: Վերջինը կրթության որակի ապահովման գլխավոր օղակն է, ասել է թե մասնագիտական կրթության նախաշեմը: Հենց այդ պատճառով էլ մեր կրթության բնագավառի «կա»-ն ու «չկա»-ն ավելի շուտ ու շատ տեսանելի են հենց այս օղակում: Հաշվի առնելով կրթության շահառուների կողմից բարձրացվող հարցադրումները` հրավիրել ենք ձեզ այս քննարկմանը: Խորհրդարանական լսումների նպատակը քննարկումների միջոցով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կազմակերպման ձևերին, դրանց առանձնահատկություններին, առկա հիմնախնդիրներին, քաղաքականության իրականացման ուղղություններին եւ դրանց ուղղված պետական աջակցության հնարավորություններին անդրադառնալն է: Հանրակրթության ոլորտի բարեփոխումների ներկա փուլի հիմնական նպատակը կրթության որակի ապահովումն է»: Աժ նախագահն իր խոսքում առանձնացրեց շրջանավարտի պատրաստվածության, ավագ դպրոցի ուսուցիչների մասնագիտական որակավորման և կատարելագործման, ուսումնական պլանների, մասնագիտացված դասագրքերի, ուսումնամեթոդական բազայի ստեղծման, ֆինանսավորման, կոռուպցիոն ռիսկերի, աշակերտների հնարավոր հոգեբանական ցնցումների, ինչպես նաև ծրագրի ներդրման աշխատանքների լուսաբանմանը և հանրության իրազեկման հետ կապված խնդիրները:«Ուզում եմ հաջողություն մաղթել մեր այսօրվա համատեղ աշխատանքին և կոչ անել առավելագույն սրտացավությամբ ու մանրամասնությամբ քննարկել առկա բոլոր խնդիրները: Իսկ ես, որպես ԱԺ նախագահ, իմ լիազորությունների շրջանակներում կփորձեմ անել առավելագույնն այս խնդիրների լուծմանն օժանդակելու համար»,- իր խոսքը եզրափակեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց ԱԺ ղեկավարությանը` լսումների կազմակերպման համար և հույս հայտնեց, որ այս քննարկումը զարկ կտա ավագ դպրոցների զարգացման գործընթացին: Նախարարը նշեց, որ առանձնացված ավագ դպրոցների ստեղծումը հանրակրթական բնագավառի անկյունաքարային բարեփոխումն է: «Առկա են բազում խնդիրներ, որոնք երբեմն դժվար լուծելի են թվում, սակայն Ազգային Ժողովը, ՀՀ Կառավարությունը և նախարությունը, մասնավորապես, այս խնդրում որդեգրել են բաց և հրապարակային աշխատաոճ. լսել բոլոր կարծիքները և գտնել այն ճանապարհն ու բանալին, որոնցով հնարավոր է բացել չլուծվող խնդիրների «դռները»»,-նշեց նախարարը` հավելելով, որ չնայած առկա բազում խնդիրներին, ավագ դպրոցների կայացումն ու բարեփոխումն այլևս այլընտրանք չունեն: ԿԳ նախարարը ոլորտում առանձնացրեց երեք հիմնախնդիր, որոնք վերաբերում են ավագ դպրոցների ֆինանսավորմանը, առկա բովանդակային խնդիրներին` դասագրքեր, ուսումնական ծրագրեր, ուսուցիչների որակավորման գործընթաց, և դպրոցների ղեկավարմանը: Վերջինիս հարցում նախարարը կարևորեց նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը: Արմեն Աշոտյանը նշեց, որ ոչ մի կրթական բարեփոխում միանգամից արդյունք չի տալիս և, որպես ավագ դպրոցների հաջողության գրավական, առանձնացրեց «հասարակության աջակցության, մոտիվացված տնօրենի և տարածքային կառավարման մարմինների հետ համակարգված աշխատանքի գործոնները»:
«Առանձնացված ավագ դպրոցների ներդրման գործընթացի հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով ելույթ ունեցավ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը` նշելով, որ համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի, կրթական հաստատություններն ըստ իրենց իմաստի և նշանակության կարող են լինել տարբեր տեսակի: Նշվեց, որ արդեն օրենքով շրջանառության մեջ է դրվել առանձնացված ավագ դպրոց հասկացությունը: Այլ կերպ` դա կրթական հաստատություն է, որն իրականացնում է երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիրը 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններում: Պարոն Մկրտչյանը նկատեց, որ հասարակությունն այսօր ամբողջովին տեղյակ չէ ավագ դպրոցների ստեղծման գաղափարին, բացի այդ, բազմաթիվ ծնողներ անհարկի են համարում առանձնացված ավագ դպրոց գաղափարը` կարծելով, թե դպրոցի փոփոխությունը բացասաբար կանդրադառնա երեխաների հոգեվիճակի վրա: Պարոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ ավագ դպրոցներում ստեղծվում են 7-8 հոսքեր, թեև փոխնախարարը կարծում է, որ առավել նպաստավոր կարող է լինել 1-2 հոսքի առկայությունը:
«Հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանի իրականացումը մասնագիտական կրթության ուսումնական հաստատություններում» թեմայով ելույթ ունեցավ ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Սամվել Պիպոյանը: Ըստ նրա, գործող 110 արհեստագործական ուսումնարաններում և միջին մասնագիտական քոլեջներում իրականացվում են ավագ դպրոցների գործառույթներ, որոնք ապահովում են ծրագրերի 50-80 տոկոսը: Այսինքն` ավագ դպրոցների ծրագրով նախատեսված գիտելիքները այդ հաստատություններում լիարժեք չեն տրվում:
«Ոչ պետական կազմակերպությունների մասնակցությունը միջնակարգ կրթության որակի ապահովման գործում» թեմայով ելույթում ՀՀ ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանն առավելապես խոսեց ներդրված համակարգում արձանագրված ձեռքբերումներից: Ըստ նրա` ավագ դպրոցը կօգնի երեխաներին մասնագիտական կողմնորոշման հարցում, կնվազեցնի կրկնուսույցների մոտ պարապելու անհրաժեշտությունը: Տիկին Հարությունյանը տեղեկացրեց, որ գործող 48 ավագ դպրոցներից 20-ը հիմնանորոգվել է, դպրոցները հագեցվել են նյութատեխնիկական բազայով, վերապատրաստվել են ուսուցիչները: Այս ամենը կատարվել է և բյուջետային, և Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցների հաշվին:
Քննարկվող հարցի կապակցությամբ իրենց տեսակետները ներկայացրին ոլորտի ներկայացուցիչները և մասնակիցները: Նշելով համակարգի ներդրման դրական կողմերը` ելույթ ունեցողներն անդրադարձան նաև թերություններին և հիմնախնդիրներին: Իսկ դրանք շատ էին. տարածքի սակավություն կամ բացակայություն, ֆինանսական միջոցների սղություն, անճշտություններ կամ հակասություններ դասագրքերում, դպրոցների բավականաչափ հեռավորություն բնակավայրից, ուսումնական պլանի և աշակերտների թվով ֆինանսավորման հետ կապված խնդիրներ:
Խնդրով հետաքրքրված էր նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ներկայացուցիչը, ով իր ելույթում առաջարկեց վերանայել ավագ դպրոցում դասավանդվող առարկաների թեմատիկ ցանկը և ուղղել բացթողումները: Ըստ նրա` դրանցում բացակայում են ազգ, հայրենիք, հայրենասիրություն, պետականություն և այլ վեհ արժեքներ սերմանող նյութերը:
Եզրափակիչ ելույթում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ հնչած բոլոր մտահոգություններին: Նա նշեց, որ այս քննարկումները հաջողված էին հրապարակայնության տեսակետից.«Ավագ դպրոցների բարեփոխումների աքիլեսյան գարշապարհը հասարակության հետ համապատասխան հաղորդակցության բացակայությունն է եղել: Ավագ դպրոցների ցանցի ստեղծումն այլևս անբեկանելի գործընթաց է, որի անիվը գնալու է միայն առաջ»,-նշեց նախարարը և կոչ արեց բոլորին` միասին փորձել հաղթահարել առկա խնդիրները: Նախարարը նաև ներկաներին վստահեցրեց, որ այս տարի ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանների աշակերտները կունենան բոլոր անհրաժեշտ դասագրքերը:
Ամփոփելով քննարկումը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և շահագրգիռ բոլոր մասնակիցներին արդյունավետ քննարկման համար, նշեց, որ հանձնաժողովն ի մի կբերի բոլոր առաջարկները և կձեռնարկի համապատասխան քայլեր:












