Նաև գործնական գիտելիքներ
2010-03-05
Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության Միջազգային Օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Անդամակցությունը հնարավորություն է տվել այդ տարի մեր աշակերտներին առաջին անգամ մասնակցել Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կեսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էր 56 երկրի 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների` մեր մասնակիցները խնդիրներ են ունեցել օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների բացակայությունն էր:
Խնդիրը լուծելու նպատակով` ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1522-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»: Փոփոխությունը հնարավորություն կտա ավագ դպրոցներից մեկում ձևավորել կենսաբանության առարկայի գործնական պարապմունքների կազմակերպման համար ժամանակակից պահանջներին համապատասխան լաբորատորիա` հագեցած սարքավորումներով և փորձերի համար անհրաժեշտ նյութերով: Վերջինս կնպաստի ինչպես օժտված աշակերտների բացահայտմանը, այնպես էլ հանրապետական և միջազգային օլիմպիադաների մասնակից հայ աշակերտների գործնական գիտելիքների ձեռքբերմանը: