ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել դպրոցականների հետ

2008-07-31

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ռուսաց լեզու և գրականություն առարկայից Մոսկվայում կայացած դպրոցականների միջազգային 7-րդ օլիմպիադային մասնակցած Հայաստանի թիմի անդամների հետ: Հայաստանը ներկայացնող ինը դպրոցականներն օլիմպիադայում ցույց են տվել փայլուն արդյունք` արժանանալով ամենաշատ մրցանակներին:
Հանրապետության նախագահը, շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին` բացառիկ արդյունքների հասնելու համար, ասել է. «Ցանկանում եմ, որ դուք սա համարեք նոր ձեռքբերումների սկիզբ, բազմապատկեք ձեր գիտելիքները և նվաճեք նոր բարձունքներ: Այս հաղթանակը կարևոր է ոչ միայն ձեր, այլև` բոլորիս համար, որովհետև սա գալիս է ապացուցելու, որ Հայաստանում, իրոք, մեծ մտավոր ներուժ կա, և որ շատ կարևոր է, այն տարիքային առումով սահմանափակված չէ:
Ձեր հաղթանակի հաջորդ կարևորությունն այն է, որ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է` Երևան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Աբովյան, ինչն իր հերթին նշանակում է, որ մտավոր ներուժը կենտրոնացված է ոչ միայն Երևանում, մարզերում ևս կարելի է լավ գիտելիք ստանալ:
Հաջորդ կարևորությունն այն է, որ բոլոր մասնակիցներդ ստացել եք մրցանակներ, իսկ սա նշանակում է, եթե սպորտային լեզվով խոսենք, մեր պահեստայինների նստարանը բավականին երկար է: Այսինքն` գիտելիքը տարածում ունի:
Վստահ եմ, որ դուք մեկ վայրկյան իսկ չեք կասկածում, որ այս հաղթանակի, հաջողության մեջ մեծ դեր ունեն ձեր ուսուցիչները, և անշուշտ, թիմի ղեկավարները: Ես շնորհակալ են բոլոր այն մարդկանց, ովքեր անխոնջ և անմռունչ կատարում են իրենց գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին, նրանք նվիրումով են կատարում այն վեհ առաքելությունը, որ ունեն:
Վստահ եմ, նաև ձեր օրինակով ուրիշները պետք է օտար լեզուներ ուսումնասիրեն: Անշուշտ, ամենակարևորն այն է, որ բոլորը տիրապետեն մայրենի լեզվին, բայց նաև շատ կարևոր է տիրապետել օտար լեզուների, որպեսզի երիտասարդը լինի մրցունակ, կարողանա անմիջականորեն օգտվել համաշխարհային մտքի գանձարանից:
Ես ցանկանում եմ, որ դուք վստահ լինեք ձեր ուժերի նկատմամբ, ձեզ մոտ ամրապնդվի հաղթողի ոգին և ձեր օրինակով` նաև մեր հասարակության մեջ: Երբ դուք կամ ուրիշները մասնակցում եք տարբեր առարկաների գծով համաշխարհային օլիմպիադաների և հաղթում` սա նմանվելու շատ լավ առիթ է: Ես վստահ եմ, առանց չափազանցության, որ այսօր մեր ժամանակի հերոս աշակերտը հենց դուք եք: Նրանք են, ովքեր կարողանում են իրենց գիտելիքով հաղթել աշխարհում: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի բոլոր աշակերտները ցանկություն ունենան նմանվել ձեզ: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի համաշխարհային օլիմպիադաներում հաղթանակած աշակերտները, երիտասարդներն արժանանան պետության հատուկ ուշադրությանը. բոլորին հրավիրելու ենք այստև, անձամբ սևմելու եմ նրանց ձեռքը և հետո, երբ հեռուստատեսությամբ ցույց տան, թոռնիկիս ասելու եմ, որ պետք է նմանվես այս աշակերտներին: Նույնը հորդորելու եմ իմ բոլոր բարեկամներին, ծանոթներին: Ճիշտը սա է:
Ես ձեզ մաղթում եմ հետագա հաջողություններ: Ցանկանում եմ, որպեսզի բազմապատկեք ձեր գիտելիքները, որովհետև սա սկիզբն է: Շատ եմ ցանկանում, որ մի բան հիշեք` հաղթելը պատվաբեր գործ է, բայց միևնույն ժամանակ` շատ պատասխանատու, որովհետև հաղթողներին նայում են խոշորացույցով: Սա դուք պետք է ըմբռնեք և ձեր ողջ կյանքում օրինակ հանդիսանաք, թե ինչպես սեփական գիտելիքներով ու կարողություններով կյանքում կարելի է հասնել հաջողությունների: Բոլոր աշակերտներին փոխանցեք, որ դուք Հայաստանում հիմք եք դնում գիտելիքով հաղթելու մշակույթին, որ Հայաստանում գիտելիքով հաղթողները պետք է մշտապես տարբերվեն մյուսներից»:    
Դպրոցականները hանրապետության նախագահին պատմել են օլիմպիադայից իրենց տպավորությունների մասին: Նշվել է, որ միջազգային օլիմպիադաները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ. այս տարի մասնակցել է 306 աշակերտ` աշխարհի 36 երկրից:
Զրույցի ավարտին, որպես հուշ այս հանդիպումից, դպրոցականները լուսանկարվել են երկրի ղեկավարի հետ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։