Ամփոփվեցին Համահայկական երրորդ խորհրդաժողովի արդյունքները

2008-07-30

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ափոփվեցին Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի արդյունքները: Ասուլիսին մասնակցում էին  ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Հրաչ Թադևոսյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, Կանադայի Տորոնտո քաղաքի հայկական կրթօջախի հոգաբարձուների խորհրդի անդամ Մարգար Շարապխանյանը:
Հ. Թադևոսյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ խորհրդաժողովների, երրորդն առանձնահատուկ էր և’ մասնակիցների թվով, և’ աշխարհագրությամբ: Խորհրդաժողովին այս տարի մասնակցել են 31 երկրի 150 ներկայացուցիչ: Սփյուռքի հետ կապերի բաժնի պետը, ներկայացնելով եռօրյա խորհրդաժողովի քննարկման հիմնական խնդիրները, կարևորեց ընդունված բանաձևը, որն արժանացել է մասնակիցների հավանությանը: «Սա սոսկ բանաձև չէ, որում շարադրված են կրթության ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղղությունները, այլ հայեցի կրթության և հայեցի հոգեկերտվածքի, ինքնագիտակցության ու արժանապատվության հաստատուն մակարդակի ձևավորման համար ստեղծված ուղեցույց, որը ենթադրում է հստակ ծրագրերի իրականացում` հստակ սահմանված ժամանակացույցով: Բանաձևի կյանքի կոչման նախադրյալներն արդեն իսկ առկա են»,- նշեց նա: Պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանն անդրադարձավ դասագրքերի ստեղծման հիմնախնդրին` կարևորելով բանաձևում արձանագրված այն կետը, ըստ որի, հեղինակային խմբերում պարտադիր պիտի ներգրավված լինեն տվյալ գաղթօջախի ուսուցիչները: Նա նշեց, որ հայ ուսուցիչների համագործակցության զարգացման նպատակով կձևավորվի «Հայ ուսուցիչների միություն», ինչպես նաև Երևանում կբացվի «Հայ ուսուցչի տուն»: Մարգար Շարապխանյանը, բարձր գնահատելով խորհրդաժողովի արդյունքներն, անդրադարձավ ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման խնդիրներին` հույս հայտնելով, որ գործընթացը կիրականացվի ինչպես հայրենիքում, այնպես էլ գաղթօջախներում: Նա նշեց նաև, որ 1986 թվականից Տորոնտոյի հայկական դպրոցի սաներն արձակուրդներին այցելում են Հայաստան, որը հայեցի դաստիարակության և հայապահպանության լավագույն միջոցն է:
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։