ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԲԱՆԱՁԵՎ

2008-07-30

2008թ. հուլիսի 25-27-ը Ծաղկաձորում կայացած Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողովի եռօրյա աշխատանքների ընթացքում գումարված վեց մասնախմբերում և երեք լիագումար նիստերում Սփյուռքի 29 գաղթօջախներից, ԼՂՀ-ից և ՀՀ-ից հրավիրված կրթության և գիտության ոլորտի շուրջ 150 ներկայացուցիչներ ծանոթացան առկա կացությանը և քննարկեցին սփյուռքահայ սերնդի հայեցի կրթության և դաստիարակության իրականացման հետ կապված հիմնախնդիրները:
Մասնախմբերում և լիագումար նիստերում ընթացած ակտիվ քննարկումների արդյունքում ներկայացվեցին հետևյալ առաջարկությունները.
  1.  Ուսուցիչների պատրաստում և վերապատրաստում.

 Սփյուռքի հայկական կրթօջախներում կրթության գործընթացի արդյունավետության բարձրացման, արդիականացման կարևոր գործոն համարելով ուսուցման գործընթացի հիմնական դերակատարի` ուսուցչի մասնագիտական պատրաստականությունը.

ա/ շարունակել և ընդարձակել սփյուռքահայ ուսուցիչների պատրաստման գործընթացը ՀՀ ուսումնական հաստատություններում, մասնավորապես` Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում` նրանց կրթության համար ստեղծելով նպաստավոր պայմաններ.

բ/ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ` գաղթօջախներում` կազմակերպելով ինչպես մասնագիտական-առարկայական /հայագիտական/, այնպես էլ մանկավարժահոգեբանական դասընթացներ` շեշտը դնելով հայրենասիրության, ազգային ինքնության և գիտակցության ձևավորման, ազգային արժեքների պահպանման, փոխանցման և զարգացման վրա:

գ/ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպական և բովանդակային կատարելագործման նպատակով վերանայել, արդիականացնել, սփյուռքահայ կրթօջախների պահանջմունքներին համապատասխանեցնել տարբեր ճանապարհներով իրականացվող ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բովանդակությունն ու ձևերը, ինչպես նաև մշակել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման նոր հայեցակարգ` նկատի ունենալով նաև վերապատրաստվող ուսուցիչների ընտրության, վերապատրաստման պայմանների, ուսուցիչների իրավունքների և պարտականությունների, վերապատրաստումից հետո նրանց կարգավիճակի որոշակի տարակարգերի փոփոխման կամ գնահատման հարցը: Այդ ծրագրի կազմման աշխատանքներին մասնակից դարձնել նաև սփյուռքահայ առաջավոր ուսուցիչներին. 

դ/ ուսուցիչների վերապատրաստման գործընթացի և այդ գործընթացում յւորաքանչյուր ուսուցչի աշխատանքի արդյունքների վերահսկողության և գնահատման նպատակով մշակել վերապատրաստման գործընթացի արդյունքները ստուգող և գնահատող չափորոշիչներ և կանոնակարգ` այսպիսով իրականացնելով նաև ուսուցչի մասնագիտական պատրաստականության որակավորման աստիճանակարգ. 
ե/ Հայաստանի և գաղթօջախների կրթության ոլորտի մասնագետների, պատասխանատուների համագործակցության, միջգաղութային կապերի ամրապնդման և այդ ճանապարհով հայակերտմանը միտված աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծել համացանցային կայքէջ` այնտեղ տեղադրելով սփյուռքահայ կրթօջախների հասցեները և տեղեկություններ այդ հաստատություններում իրականացվող ուշագրավ աշխատանքների մասին: Նույն նպատակով ստեղծել նաև “Համահայկական ուսումնական խորհուրդ”, որը կիրականացնի սփյուռքահայ դպրոցի խնդիրների լուծման և կրթության զարգացման աշխատանքներ. 
զ/ ուսուցման գործի բարելավման, հայ ուսուցիչների համագործակցության, ինչպես նաև նրանց ազատ ժամանակի կազմակերպման նպատակով Երևանում ստեղծել “Հայ ուսուցչի տուն” (“Ուսուցիչների համահայկական միություն”):
 
2.     Մանկապարտեզներում և դպրոցներում դասավանդվող հայագիտական առարկաների ծրագրերի, ուսումնական և ուսումնաօժանդակ նյութերի ստեղծում և կատարելագործում.
 
ա/ աշխատանք տանել ինչպես մանկապարտեզների, ամենօրյա հայկական վարժարանների, այնպես էլ մեկօրյա կրթօջախների համար հայագիտական առարկաների ծրագրերի, դասագրքերի, ուսուցչի ուղեցույցների և ուսումնաօժանդակ նյութերի ստեղծման, հրատարակման ուղղությամբ` հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները և առանձին գաղութներում դասագրքաստեղծ գործընթացում գոյություն ունեցող փորձը.
բ/ սփյուռքահայ կրթօջախներում հայեցի կրթության և հայեցի հոգեկերտվածքի, ինքնագիտակցության և արժանապատվության հաստատուն մակարդակի ձևավորման նպատակով ստեղծել հատուկ ձեռնարկներ` հայոց պատմություն, ազգային մշակույթ, ավանդություններ ու ծեսեր, հայ մեծերին ներկայացնող մատենաշարներ` նկատի ունենալով ընթերցողների տարիքային սահմանները, մտավոր մակարդակներն ու ճանաչողական հետաքրքրությունների ուղղությունները.
գ/ սփյուռքահայ դպրոցների համար դասագրքերի ստեղծման գործընթացի պարտադիր պայման համարել հեղինակների լավատեղյակությունը ոչ միայն առարկայական, մանկավարժամեթոդական, այլև սփյուռքահայ դպրոցի, տվյալ գաղութի բազմաճյուղ առանձնահատկություններին` դասագրքաստեղծ հեղինակային խմբում ընդգրկելով նաև տվյալ գաղութի ուսուցիչներ.
դ/ սփյուռքահայ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքներին համընդհանուր, համազգային բնույթ տալու նպատակով ստեղծել բոլոր գաղութների համար ընդունելի ձեռնարկների համալիր: Օրինակ` հայոց պատմությունից, ազգային մշակույթից և այլն.
ե/ նկատի ունենալով առողջ ապրելակերպի դերը մատաղ սերնդի առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման գործում` կրթական հաստատություններում, սկսած նախադպրոցական տարիքից հնարավորության դեպքում մտցնել հատուկ դասընթաց, որի իրականացման նպատակով ստեղծել դասագրքեր, ինչպես նաև համահայկական համացանցային համակարգ` առողջագիտական ծառայությամբ (հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով):
  1. Հայընտանիքի հայեցի հոգեկերտվածքի ամրակայում, օգնություն ծնողներին.
ա/ իրականացնել գիտական ուսումնասիրություններ հայ երեխաների հոգեբանական առանձնահատկությունների, նրանց կարիքների և պահանջմունքների բացահայտման ուղղությամբ, մշակել սփյուռքահայ կրթօջախների (ինչպես ամենօրյա, այնպես էլ` մեկօրյա) կրթական գործընթացի բովանդակությունն ու արդյունքնեը համակարգող փաստաթուղթ, կրթակարգ, դրա հիման վրա ձևավորել հայկական դպրոցի շրջանավարտի նկարագիրը.
բ/ կարևորելով սփյուռքահայ մանուկների հայեցի կրթության և հայ մարդու հոգեկերտվածքի ձևավորման հիմնահարցը և այդ խնդիրների իրականացման գործընթացում հայ ընտանիքի, մասնավորապես, հայ մոր պատասխանատու դերը` համալիր ծրագիր մշակել ընտանիքում հայ մարդու կերտման հիմնախնդրի շուրջ` նախատեսելով մանկավարժահոգեբանական բնույթի օգնություն.
 
4.     Հայեցի կրթության սահմանների ընդարձակում, հայոց լեզուն ուումնասիրող սերնդի քաջալերում.
 
ա/ նկատի ունենալով վերջին տասնամյակում հատկապես ԱՊՀ երկրներ արտագաղթած մեծաթիվ հայերի առկայությունը` դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իր միջնորդությամբ լուծելու ԱՊՀ երկրներում, մասնավորապես, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական հանրակրթական պետական դպրոցներ բացելու խնդիրը.
բ/ հիմք ընդունելով արտերկրում բնակվող բազմաթիվ հայ երիտասարդների ցանկությունը` դիմել արտասահմանյան հայ դիվանագիտական հաստատություններին` պետական միջնորդություն ներկայացնել մի շարք երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններին` հայերենը որպես ուսումնասիրվող լեզու ուսումնական ծրագրերում ընդգրկելու վերաբերյալ.
գ/ Խորհրդաժողովն իր խորին ցավն ու մտահոգությունն է արտահայտում Սփյուռքի մի շարք հայկական դպրոցներ փակվելու վերաբերյալ և հրավիրում իրավասու հաստատությունների, կազմակերպությունների և մարմինների ուշադրությունը:
  1. Արտադպրոցական աշխատանքների բովանդակության և ձևերի կատարելագործում.
նկատի ունենալով, որ միայն դպրոցական ուսումնական գործունեության ծավալման ճանապարհով հայակերտման գործընթացը չի կարող դիմագրավել ուծացման մարտահրավերները` իրականացնել նաև հայապահպանմանը միտված բազմաբնույթ արտադպրոցական աշխատանքներ ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների համար.
ա/ հայագիտական և բնագիտական առարկաներից կազմակերպել դպրոցական համահայկական օլիմպիադաներ.
բ/ կազմակերպել ճամփորդություններ Հայաստան ինչպես հայ աշակերտների, այնպես էլ հայ ուսուցիչների համար, կազմակերպել նաև ճամբարներ և ամառային դասընթացներ.
գ/ Հայաստանում կամ Սփյուռքի տարբեր օջախներում կազմակերպել սփյուռքահայ դպրոցում հայագիտության դրվածքի բարելավման հիմնախնդրին նվիրված գիտական նստաշրջաններ` մասնակից դարձնելով տարբեր կրթօջախների, կրթության ոլորտի ներկայացուցիչների.
դ/ հայագիտության արդի հիմնախնդիրների քննարկման և զարգացման ապահովման նպատակով առաջիկա ժամանակահատվածում կազմակերպել “Հայագիտական միջազգային խորհրդաժողով”, ինչպես նաև հրատարակել “Հայոց լեզու և գրականություն” խորագրով ամսագիր:
 
6.    Սույն բանաձևում ներկայացված առաջարկություններըի կատար ածելու նպատակով առաջարկել համապատասխան մարմիններին և ՀՀ կրթության և գիտության նախարարությանը.
ա/ ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքի ապահովման նպատակով մշակել ծրագիր` նշելով պատասխանատուներին և կատարման ժամկետները.
բ/ Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովին ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքն ու արդյունքները:
 
 
Համահայկական կրթական երրորդ խորհրդաժողով
 
 
27.07.2008թ.                                                                                                      ք.Ծաղկաձոր
     
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։