Տնօրենների խորհրդակցություն
2008-07-29
Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում այսօր տեղի ունեցավ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը հրավիրել էր ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Ողջունելով ներկաներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն ամփոփեց նախորդ ուսումնական տարվա արդյունքները` արձանագրելով այն խնդիրները, որոնք ծառացել են համակարգի առջև:
Անդրադարձ կատարելով սոցիալական գործընկերության քաղաքականության խթանմանը` նախարարի տեղակալը նշեց, որ նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների ձևավորվող կառավարման խորհուրդներում կընդգրկվեն նաև գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ: Նման մոտեցումը հնարավորություն կստեղծի կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացման և մասնագիտական պահանջների հստակեցման համար, ինչպես նաև կլուծի ուսումնառությունից հետո ուսանողների աշխատանքի տեղավորման խնդիրը: Ներկայացվեց, որ Եվրամիության հարևանության քաղաքականության աջակցության ծրագրի շրջանակներում 2008 թվականի համար նախատեսված գումարները կծախսվեն հիմնականում մրցութային կարգով ընտրված 12 ուսումնական հաստատությունների կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման և ժամանակակից նյութատեխնիկական բազայով համալրման ուղղությամբ: Կարևորվեց նաև 2007-2008 ուսումնական տարվա արդյունքների հիման վրա փոխատեղման գործընթացի օբյեկտիվ և թափանցիկ կազմակերպման խնդիրը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2008-2009 ուսումնական տարվա անվճար ուսուցման համար հատկացված տեղերի բաշխմանը: