ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
2009-02-09
ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահի Բարձր հովանավորությամբ, նախաձեռնում է բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող (ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ) ուսանողներին օժանդակելու ծրագիր:
Սույն հայեցակարգը ներկայացնում է այն գաղափարախոսությունը և սահմանում է այն սկզբունքները, որոնք ընկած են լինելու ծրագրի ու դրանից բխող գործողությունների իրականացման հիմքում:
Աշխարհի առաջատար բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ երիտասարդներին օժանդակելու նպատակն է` ապահովել Հայաստանի Հանրապետության և հայկական սփյուռքի մտավոր ներուժի աճը և իրագործումը, մարդկային ռեսուրսի զարգացումը և համախմբումը Հայաստանակենտրոն ծրագրերի և ազգային արժեքների շուրջ, ձևավորելով բարձրագույն որակավորման, առաջադեմ մասնագետների և երիտասարդ առաջնորդների նոր սերունդ, որը հանդես կգա որպես հանրապետության տնտեսության հետագա զարգացման շարժիչ ուժ:
1. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1.1. Սահմանվում է աշխարհի առաջատար գիտական կենտրոնների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ (ըստ աշխարհում հայտնի հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող շարժական վարկանիշային ցանկերի՝ հաշվի առնելով բուհի և/կամ կենտրոնի մասնագիտական վարկանիշը), որոնցում սովորող ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ ուսանողներին ցուցաբերվելու է օժանդակություն:
1.2. Օժանդակության ենթակա է բուհական (բակալավրիատ, մագիստրատուրա), հետբուհական (ասպիրանտուրա - դոկտորատուրա` Ph.D.) կրթությունն ու հետկրթական գործունեությունը (հետդոկտորական գիտական և/կամ մասնագիտական առաջխաղացում):
1.3. Ուսանողների համար մասնագիտությունների սահմանափակում չի մտցվում:
1.4. Օժանդակություն տրվելու է ինչպես միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով, պետական գերատեսչությունների, պետական և այլ կազմակերպությունների և հիմնադրամների կողմից բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բուհերի ու գիտակրթական կենտրոնների հետ կնքված պայմանագրերի հիման վրա սովորելու գործուղված, այնպես էլ սեփական ուժերով բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա բարձրագույն գիտաուսումնական հաստատություններ ընդունվածներին:
1.5. Օժանդակություն կարող է տրամադրվել ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց, այնպես էլ սփյուռքահայ ուսանողներին:
1.6. Ծրագրի շրջանակներում կազմակերպություններն ու առանձին անհատները կարող են սահմանել սեփական կրթաթոշակներ կոնկրետ բնագավառների գծով՝ նպատակային (որևէ կոնկրետ ոլորտում ուսանելու համար) կամ անվանական (օրինակ, ֆինանսական միջոցներ հատկացնող անհատի կամ կազմակերպության անվամբ):
1.7. Օժանդակության տրամադրումը կարգավորվում է շահառուի հետ կնքվող պայմանագրով: Պայմանագիրը սահմանում է շահառուի և օժանդակությունը տրամադրող լիազոր մարմնի իրավունքներն ու պարտականությունները, օժանդակության տրամադրման պայմանները, օժանդակության տրամադրման նպատակը հանդիսացող գործունեության (ուսում, միջոցառումների կազմակերպում և այլն) ընթացքի հետ կապված ու հարակից այլ հարցերի կարգավորման մեխանիզմները:
1.8. Հայեցակարգի շահառուների և Հայաստանի Հանրապետության իրավա-հարաբերությունները կարգավորվում են «Կրթության մաuին», «Զինապարտության մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքներով և այլ օրենքներով, որոնցում անհրաժեշտության դեպքում արվում են համապատասխան լրացումներ:
1.9. Աշխարհի բարձր վարկանիշ ունեցող բուհերում ու գիտակրթական կենտրոններում սովորող ՀՀ քաղաքացիներին և սփյուռքահայերին օժանդակության ծրագիրն իրականացվում է «Լույս» հիմնադրամի (այսուհետ՝ «Հիմնադրամ) միջոցով:
1.10. Հիմնադրամի ֆինանսական միջոցները ձևավորվում են պետական բյուջեի ամենամյա հատկացումներից, կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից և օրենքով չարգելված այլ միջոցներից:
2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
2.1. Հիմնադրամը գործում է ««Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, ղեկավարվում է ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով և միջազգային պայմանագրերով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ:
2.2 Հիմնադրամը կգործի նմանատիպ կրթաթոշակային հիմնադրամներին բնորոշ միջազգայնորեն ընդունված սկզբունքներին ու չափանիշներին համապատասխան: Հիմնադրամի գործունեությունը, ներառյալ ֆինանսագոյացման աղբյուրները, օժանդակության հատկացումը և միջոցառումների հայտարարումը, դրանց անցկացման ընթացակարգը, ընթացքը և արդյունքների ամփոփումը, կիրականացվեն առավելագույն թափանցիկությամբ` հրապարակվելով մամուլում, լուսաբանվելով ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ՝ տեղադրվելով ազատ հասանելի ինտերնետային կայք-էջերում:
2.3. Հիմնադրամը պետք է հանդես գա որպես գիտության և կրթության ոլորտում պետական քաղաքականության իրականացման ակտիվ գործոն: Այդ նպատակով Հիմնադրամը մշակում է, և համապատասխան գերատեսչությունների հետ համաձայնեցնում գործողությունների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր՝ ներառելով համահայկական նշանակության հասարակական-քաղաքական միջոցառումներին համակարգված, նպատակային մասնակցությունը:
2.4 Հիմնադրամը պետք է վարի ակտիվ, նախաձեռնող քաղաքականություն հանրապետության և սփյուռքի գիտական, մշակութային, կրթական այլ դրամաշնորհային կազմակերպությունների գործընկերային ծրագրերում ներգրավվելու գործում, ինչպես նաև ծավալի ճկուն և ակտիվ գործունեություն, հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ:
2.5 Օժանդակության տրամադրումը Հիմնադրամը կազմակերպում է կրթաթոշակների տրամադրման միջոցով: Օժանդակության ենթակա այլ գործունեությունը ֆինանսավորվում է մրցութային կարգով: Մրցույթների պայմաններն ու անցկացման կարգը, համաձայն սույն հայեցակարգի հիմնադրույթների, ներկայացնում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և հաստատում՝ ՀՀ կառավարությունը:
2.6 Օժտված պատանիների և երիտասարդների հայտնաբերման, աշխարհի առաջատար բուհեր նրանց ընդունվելուն, ուսանողների մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման նպատակով, Հիմնադրամը համագործակցում է հայաստանյան ուսումնական հաստատությունների և կրթության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակեպությունների հետ, իրականացնելով նպատակային միջոցառումներ՝ կազմակերպում է կրթական, գիտական, մշակութային սեմինարներ ու գիտաժողովներ, ամառային դպրոցներ և այլն:
2.7 Հիմնադրամը համագործակցում է աշխարհի՝ բարձր վարկանիշ ունեցող բուհերի, գիտակրթական ծրագրեր իրականացնող միջազգային, հայրենական, սփյուռքահայ և այլ կազմակերպությունների հետ` կնքելով համապատասխան պայմանագրեր:
2.8 Հիմնադրամը մշակում և իրականացնում է կարճաժամկետ և երկարաժամկետ գիտակրթական վարկային ծրագրեր գիտության և կրթության ոլորտներում ՀՀ կառավարության սահմանած գերակա ուղղությունների շրջանակներում, աջակցում է կրթական վարկերի տրամադրմանը:
3.ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ և ԱՅԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
3.1. Կրթաթոշակային և այլ ֆինանսական օժանդակություն տրվում է ՀՀ քաղաքացի և սփյուռքահայ այն անձանց, ովքեր սովորում են հայեցակարգի 1.1 կետի պահանջի համաձայն սահմանված ցանկի աշխարհի բարձր վարկանիշ ունեցող բուհերում ու գիտակրթական կենտրոններում և ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր:
3.2. Կրթաթոշակը տրամադրվում է ուսման ողջ ժամանակահատվածի ընթացքում՝ ուսանողի կողմից համապատասխան հայտաձևերի և մյուս պահանջվող փաստաթղթերի շարունակաբար ներկայացման պայմանով:
3.3 Ֆինանսական աջակցությունը կարող է ներառել.
- բազային կրթաթոշակ՝ ուսման վարձը վճարելու համար (հատկացվում է ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնցում հավաստված է տվյալ կրթօջախի տարեկան կրթավճարը), որը կարող է լինել ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի համաֆինանսավորման ձևով, և փոխանցվում է բուհին ըստ պաշտոնական փաստաթղթերի:
- հավելյալ բազային կրթաթոշակ (ուսանողը տնօրինում է սեփական հայեցողությամբ, կարող է ընդգրկել կենցաղային ծախսեր, սնունդի և ուսումնական պարագաների վճար, բժշկական ապահովագրություն և այլն),
- օժանդակություն գիտակրթական (հասարակական-քաղաքական) սեմինարների, դպրոցների, գիտաժողովների և մասնագիտական աճը խթանող նմանատիպ այլ միջազգային միջոցառումների մասնակցելու համար,
- ճանապարհածախս տարվա ընթացքում 1 կամ 2 անգամ Հայաստան այցելելու համար՝ համաձայն հայտում նշված միջոցառումների պլանի,
- օժանդակություն Հայաստանում կրթամշակութային միջոցառումների անցկացման համար՝ համաձայն սկզբնական հայտում ներկայացված միջոցառումների պլանի (մասնագիտական սեմինարներ, առարկայական օլիմպիադաներ, մեթոդական շնորհանդեսներ և այլն):
- օժանդակություն Հայաստանում գործող գիտական խմբերի հետ համատեղ գիտական աշխատանք կատարելու համար,
- օժանդակություն ուսումնառության վայրում հայկական բովանդակությամբ կամ Հայաստանի մասնակցությամբ միջոցառումներ կազմակերպելու համար:
3.4 Ըստ թվարկված տեսակների ֆինանսական օժանդակության հատկացման ձևերը սահմանում և իրականացնում է Հիմնադրամը, հաշվի առնելով տվյալ դեպքի առանձնահատկությունները:
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
ՍՈՎՈՐՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼՈՒ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
- Բարձր վարկանիշային բուհերի և գիտակրթական կենտրոնների ցանկի սահմանում
- Բակալավրիատում սովորող երիտասարդների օժանդակության տրամադրման ընթացակարգ
- Մագիստրատուրայում սովորողների օժանդակության տրամադրման ընթացակարգ
- Դոկտորանտուրայում / ասպիրանտուրայում/ սովորողների օժանդակության տրամադրման ընթացակարգ
- Հետկրթական գործունեության աջակցության ենթակա ձևերի սահմանում և աջակցության տրամադրման ընթացակարգեր
- Գործուղված ուսանողներին աջակցության տրամադրման ընթացակարգ
- Սեփական ուժերով ընդունված սովորողներին օժանդակության տրամադրման ընթացակարգ
- Հիմնադրամի և անհատական կամ անվանական կրթաթոշակներ տրամադրող անձանց / կազմակերպության/ միջև փոխհարաբերությունները սահմանող կարգ
- Շահառուի հետ կնքվող պայմանագրի ձև
- «Լույս» հիմնադրամի կանոնադրության լրամշակում / անհրաժեշտության դեպքում/
- Հիմնադրամի ինտերնետային կայք-էջի ստեղծում
- Հիմնադրամի և այլ դրամաշնորհային կազմակերպությունների միջև պայմանագրերի օրինակելի ձևի մշակում
- Հիմնադրամի և գործընկեր հայաստանյան կազմակերպության համագործակցության պայմանագրի ձևի մշակում
- Հիմնադրամի և արտասահմանյան հաստատության համագործակցության պայմանագրի ձևի մշակում