Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

2008-07-21

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը: Արդեն իններորդ տարին է, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է այս դասընթացները, որոնց արդյունքում հայրենիքում վերապատրաստում են անցել հարյուրավոր սփյուռքհայ ուսուցիչներ: Դասընթացների նպատակն է ոչ միայն բարձրացնել ուսուցիչների որակավորումը, այլև ծանոթացնել այն լայնածավալ գործընթացներին, որոնք իրականացվում են կրթության բնագավառում:

Դասընթացների բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Վ. Բարխուդարյանը, Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, ՀՊՄՀ ռեկտոր Ա. Ղուկասյանը, Գրողների միության նախագահ Լ. Անանյանը: Բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Ս. Դանիելյանը:

Արարողությանը ներկա էին սփյուռքահայ մասնագետներ` Մարգար Շարապխանյանը /Կանադա/, Հարություն Քյուրքչյանը, Կարապետ Դաքեսյանը, Հիլդա Գաֆայան-Փանոսյանը /Ֆրանսիա/:  Այս տարվա ծրագրին մասնակցելու են 25 ուսուցիչներ 14 երկրներից: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ուսումնական ծրագրին զուգընթաց կազմակերպվելու են ճանաչողական շրջապտույտներ և հանդիպումներ անվանի պետական և մշակութային գործիչների հետ:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։