«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՄԱԿԱՐԴԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

2008-07-11

Հաստատել Հայաստանի Հանրապետության երկմակարդակ գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը:
 
ՏԵՂԵԿԱՆՔ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական
աստիճանաշնորհման համակարգի զարգացման միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի մասին
 
Հայաստանի Հանրապետությունում երկաստիճան գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման անհրաժեշտությունն ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային դրույթներում», ինչպես նաև՝ ՀՀ կառավարության 2008 թվականի միջոցառումների ծրագրում:
Հայաստանի Հանրապետությունում աստիճանաշնորհման համակարգի զարգացումը պայմանավորված է գիտական ներուժի շարունակական վերարտադրության, արդի պահանջներին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման ռազմավարական գերակայություն­ներին համապատասխանող գիտական կադրերի առաջարկի և պահանջարկի գնահատման և համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
ՀՀ ԳՊԿ նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որում ընդգրկվել են շահագրգիռ նախարարությունների, ՀՀԳԱԱ-ի, ՀՀ ԲՈՀ-ի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, առաջարկել է հաստատման ներկայացնել գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց, ճշգրտելու համար անվանման մեջ ավելացնելով «գիտական» բառը:
Գիտական աստիճանաշնորհման և գիտական որակավորման ներկայումս գործող համակարգը ամրագրված է 2000թ. ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեու­թյան մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի՝ ՀՀ-ում շնորհվում են գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճաններ, ինչպես նաև՝ դոցենտի և պրոֆեսորի գիտական կոչումներÖ‰
Գիտական աստիճանաշնորհման համակարգը կանոնակարգող փաստաթղթերը էականորեն չեն տարբերվում խորհրդայինից, որով իրականացվում էր գիտական աստիճանաշնորհման ԽՍՀՄ որդեգրած քաղաքականությունը: Հատկապես հստակորեն էին իրականացվում աստիճանաշնորհման որակի վերահսկողության գործառույթները, քանի որ դրանք իրականացնելիս օգտագործվում էր ԽՍՀՄ գիտակրթական տարածքը:
Ներկայումս գիտական աստիճանաշնորհման համակարգում հասունացել է բարեփոխումների անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանն ունի համեմատաբար սահմանափակ ռեսուրսներով գիտակրթական տարածք, գիտության, կրթության առջև դրված նոր խնդիրներ և միջազգային նոր պարտավորվածություններ: Ներկայումս   գիտական աստիճանաշնորհման համակարգում գործող չափանիշների հստակության բացակայության պատճառով աստիճանաշնորհման գործընթացը կարիք ունի բարեփոխումների, որոնք հնարավորություն կտան որոշակի սկզբունքներով կանոնակարգել դաշտը, վերակազմավորել մասնագիտական խորհուրդները` մեծացնելով դրանց պատասխանատվությունը:
Այդ նպատակների իրականացման համար կարճ ժամկետում անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.
·  վերլուծել և գնահատել Հայաստանի Հանրապետությունում առկա գիտական ներուժը,
·  ուսումնասիրել և գնահատել գիտական կադրերի վերաբերյալ պահանջարկը և առաջարկը,
·  ստեղծել գիտական ներուժի ազգային բանկ,
·  ներդնել անկախ փորձագիտական համակարգ՝ ներառելով արտերկրում գործող հայ գիտնականներին ևս,
·  վերամշակել գիտական աստիճանաշնորհման համակարգի կանոնակարգող փաստաթղթերը,
·  ստեղծել և ներդնել ատենախոսությունների արդյունքների և դրույթների հրատարակման ժամանակակից գիտության պահանջներին բավարարող, գիտական պարբերականներին, հրատարակություններին ներկայացվող չափանիշներ:
Վերը նշված խնդիրների լուծման համար անհրաժեշտ է.
·  գիտական աստիճանաշնորհումը թողնել որպես պետության մենաշնորհը` ի դեմս գիտական որակավորման բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմնի,
· վերանայել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը՝ հստակեցնելով պետականորեն սահմանված միասնական չափանիշները,
· ստեղծել միասնական անվանացանկ` բարձրագույն կրթական և գիտական աստիճանաշնորհման համակարգում,
· հստակեցնել օտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանների և կոչումների համադրելիության և վկայագրերի համապատասխանեցման համար անհրաժեշտ չափանիշներ,
· միավորել գործող փաստաթղթերը մեկ միասնական փաստաթղթի՝ «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» մեջ և ներկայացնել ՀՀ Կառավարության հաստատման:
Սույն որոշման նախագծով ներկայացվում են փոփոխման և հստակեցման ենթակա իրավական ակտերի ցանկը և դրանց ընդունման ժամանակացույցը: Այդ իրավական ակտերի ընդունումով և դրանց հետագա իրագործմամբ կապահովվի աստիճանաշնորհման երկմակարդակ նոր համակարգի ձևավորումը և դրա արդյունավետ գործունեությունը: 
Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգը հնարավորինս կդառնա համադրելի՝ Եվրամիության և Անկախ պետությունների համագործակցության երկրներում գործող աստիճանաշնորհման համակարգերի հետ:
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։