Գերմանիայի Մանկավարժական փոխանակման ծառայության մրցանակային ծրագիրը՝ արտերկրում գերմաներեն սովորող աշակերտների խրախուսման համար
2017-02-13
Գերմաներենի դասավանդմանն աշխարհում աջակցելու և արտասահմանցի աշակերտների՝ գերմաներենի առանձնահատուկ ձեռքբերումները խրախուսելու նպատակով Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ստեղծել է մրցանակային մի ծրագիր, որն իրականացվում է կրթության և մշակույթի նախարարների դաշնային խորհրդի մանկավարժական փոխանակման ծառայության (PAD/ ՄՓԾ) կողմից:
Այն աշակերտները, ովքեր կբավարարեն ստորև ներկայացվող նախապայմանները, կարող են մասնակցել Գերմանիայում չորս շաբաթյա ուսումնական այցի մրցույթին:
•Ծրագրի մեկնարկին աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
•առնվազն երկու տարի գերմաներեն սովորած լինի այնպիսի դպրոցում, որտեղ գերմաներենը դասավանդվում է պատշաճ ժամաքանակով,
•ունենա գերմաներենի B1 մակարդակ,
•ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
•չլինի ավարտական դասարանում:
Ծրագրին չեն կարող մասնակցել այն դպրոցականները, ովքեր մեծացել են Գերմանիայում և այնտեղ դպրոց հաճախելուց հետո են վերադարձել հայրենիք, կամ արդեն իսկ մասնակցել են Միջազգային մրցանակային ծրագրին, քանի որ այդ դեպքում նրանք ընտրական փուլում կունենան մեկնարկային առավելություն, ինչը դեմ կլինի հավասար հնարավորությունների սկզբունքին: Հավակնորդները պետք է ունենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Ճամփորդությունը նախնական տվյալներով տեղի կունենա 21.06.2017թ.- 21.07.2017թ.:
Մասնակցային նախապայմանների վերաբերյալ տեղեկատվաթերթիկները, ինչպես նաև լրացվելիք հայտաթերթիկները կարող եք ներբեռնել Գերմանիայի դեսպանության կայքէջից՝ այցելելով http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/07__Kultur__Bildung/studium__fortbildung__austauschprogramme/PAD__Preistraegerprogramm.html
Մինչև 2017թ. մարտի 27-ը դեսպանություն պետք է հանձնել հետևյալ հայտաթղթերը.
•Էլեկտրոնային տարբերակով լրացված և ապա տպված անհատական հարցաթերթիկ,
•ծնողների համաձայնությունը (գերմաներեն, անգլերեն կամ ռուսերեն),
•առողջության թերթիկ (ձևաչափը կցված է, այն պետք է լրացնել գերմաներեն կամ անգլերեն)
•դպրոցի կողմից տրված բնութագիր, որը գնահատում է աշակերտի առաջադիմությունն ու վարքը: Բնութագիրը պետք է ստորագրվի և կնքվի տնօրենի կողմից: Գրությանը պետք է կցել գերմաներեն կամ անգլերեն ոչ պաշտոնական թարգմանություն, եթե այն գրված է հայերենով կամ ռուսերենով:
անձնագրի պատճեն (եթե առկա է):
Համաձայն ՄՓԾ տեղեկատվաթերթիկի՝ հայտաթղթերը դեսպանություն պետք է ներկայացնել ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթային տարբերակով: Հայտերի ընդունման ընթացակարգը դյուրացնելու համար, սակայն, դեսպանությունը որոշել է փաստաթղթերն ընդունել միայն թղթային տարբերակով: Դրանց հետագա սքանավորումն ու փոխանցումը ՄՓԾ-ին կստանձնի դեսպանությունը:
Ոչ լիարժեք կամ ուշացմամբ հանձնած հայտերը քննության չեն առնվի:
Ընտրական գործընթացը երկփուլ է՝ բաղկացած գրավոր և բանավոր թեստերից: Բանավոր փուլին մասնակցելու հրավեր կստանան գրավոր փուլը հաջողությամբ հանձնած մասնակիցները: Գրավոր քննությունը տեղի կունենա նախնական տվյալներով 2017թ. ապրիլի 6-ին, բանավորը՝ 2017թ. ապրիլի 11-ին: