«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը դիմում է կամավորներին
2018-11-26
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը խնդրանքով դիմում է կամավոր դոնորների աջակցությանը:
Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման նպատակով:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը» անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMFW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:
Այն հիվանդները, ովքեր ժառանգական անհամապատասխանությունների պատճառով, ոսկրածուծի փոխպատվաստման բժշկական ցուցում ունեն, համապատասխան դոնոր չգտնելու պատճառով մահանում են: Հետևաբար խիստ անհրաժեշտ է և կարևոր ամբողջ աշխարհով սփռված հայերի համար ստեղծել հայ դոնորների ռեեստր, որը կփրկի լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող յ հիվանդների կյանքը: Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 4885 հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Համաձայն «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի տնօրենի պարզաբանման՝ դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: Դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-ից 50 տարեկան, լրացնել հարցաթերթիկ, կամավորության սկզբունքով հանձնել 3մլ արյուն և, ամենակարևորը, ունենալ արյան քաղցկեղով հիվանդին օգնելու և նրա կյանքը փրկելու ցանկություն: