Մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում կրթություն ստանալու համար
2018-02-27
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն կրթություն ստանալու նպատակով /4 տեղ՝ 2 բակալավրիատ, 2 մագիստրատուրա/:
Ուսուցումը իրականացվելու է բուլղարերեն լեզվով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողները անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց /նախապատրաստական/:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
1)դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
2)բուլղարական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
3)ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
4)ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
5)բակալավրի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
6)բժշկական տեղեկանք /հավերված/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
7)ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/,
8)անձնագրի պատճենը,
9)3×4 չափի 3 գունավոր լուսանկար,
10)արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2018 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 12-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/ արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ, հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)։
Քննությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (Երևան, Հանրապետության փող., 73 շենք):
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Բուլղարիայի Հանրապետության բյուջեի միջոցների հաշվին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)
Ծանոթություն. – Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում: