Մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում կրթություն ստանալու համար

2018-02-27

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը 2018-2019 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (10 կրթաթոշակային տեղ):
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
1)դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են)
2)չինական կողմից ներկայացված հարցաթերթիկ,
3)ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
4)ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ, 
5)բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն կամ չինարեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ,
6)ինքնակենսագրություն (CV) /անգլերեն/, 
7)2 երաշխավորական նամակ /անգլերեն կամ չինարեն/,
8)անձնագրի պատճենը,
9)բժշկական տեղեկանքներ` ըստ ներկայացվող ձևի ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (անգլերեն լեզվով),
10)3×4 չափի 5 գունավոր լուսանկար,
11)արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
1)ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10 էջ),
2)օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ:

Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Մրցույթը կանցկացվի`  համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2018 թվականի փետրվարի 27-ից մինչև մարտի 12-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն/ արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 311 և 313 սենյակներ  հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64)։ 
Քննությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 14-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (Երևան, Հանրապետության փող., 73 շենք): 
Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների վերաբերյալ տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://www.csc.edu.cn/laihua/universityen.aspx կայքէջը և կից ներկայացվող նյութից:
Տեղեկատվական կայքեր` www.edu.am;  www.csc.edu.cn/studyinchina; www.campuschina.org

Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ ՉԺՀ բյուջեի միջոցների հաշվին։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 
հեռ. +37410-58-04-03; +374 10-56-23-64) 
Ծանոթություն. – Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով: 
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։