Մրցույթ` ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում 2018-2019 ուսումնական տարում կրթություն ստանալու համար
2018-02-19
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է 205 կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2018-2019 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող, ռուսերենին տիրապետող ՀՀ քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության իրավունք կամ ժամանակավոր կացության կարգավիճակ ու հաշվառված չեն Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Արվեստի մասնագիտություններով դիմորդները հանձնում են լրացուցիչ մասնագիտական քննություն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Դիմորդները բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրատուրայի կրթական ծրագրերով պետք է հանձնեն ռուսերեն լեզվի թեստ, իսկ կլինիկական օրդինատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ «ТРКИ-2» («Тестирование по русскому языку как иностранному») ռուսերեն լեզվի թեստ: Մագիստրատուրայի կրթական ծրագրերով դիմորդները կարող են չհանձնել ռուսերեն լեզվի թեստ՝ «ТРКИ-1» հավաստագրի առկայության դեպքում:
Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.
1) դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար (ձևերը կցվում են).
2) հարցաթերթիկ և մասնակցության հայտաձև (ներբեռնել http://russia.study կայքէջից).
3) ավարտական փաստաթղթի՝ ատեստատի կամ դիպլոմի և դիպլոմի հավելվածի (միջուկի) պատճենները` ռուսերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ,
4) ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ (10-րդ, 11-րդ դասարանների ամբողջ ուսումնառության և 12-րդ դասարանի 1-ին կիսամյակի)՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից՝ ռուսերեն լեզվով կամ թարգմանված ռուսերեն և նոտարական հաստատմամբ.
5) բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` ռուսերեն լեզվով կամ ռուսերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ.
6) անձնագրի պատճենը` ռուսերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ.
7) բժշկական տեղեկանքներ՝ ընդհանուր առողջության և ՁԻԱՀ/ՄԻԱՎ վերաբերյալ (ռուսերեն լեզվով).
8) 3×4 չափի 4 գունավոր լուսանկար.
9) արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ տեղեկանք՝ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատից:
Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`
1) ռեֆերատ՝ ռուսերեն լեզվով (10 էջ),
2) ռուսերեն լեզվի իմացության մակարդակը («ТРКИ-2») հաստատող թերթիկ,
3) օտար լեզվի իմացությունը հաստատող վկայական և ստուգարքային թերթիկ` համակարգչից օգտվելու հմտությունների վերաբերյալ` ռուսերեն թարգմանված և նոտարական հաստատմամբ:
Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել 2 օրինակ պատճենի հետ միասին:
Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:
Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:
Մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:
Փաստաթղթերն ընդունվում են սկսած 2018 թվականի փետրվարի 21-ից մինչև մարտի 2-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն (հասցեն՝ ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբ, տուն 20/14, հեռ. +374 12-54-48-90)։
Քննությունները տեղի կունենան 2018 թվականի մարտի 5-ից 16-ն ընկած ժամանակահատվածում: Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:
Ռուսաստանի Դաշնության ուսումնական հաստատության ընտրությունը և գրանցումը դիմորդը պետք է իրականացնի www.russia-edu.ru և http://russia.study կայքէջերի միջոցով:
Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռուսաստանի Դաշնության բյուջեի միջոցների հաշվին։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. +37410-58-04-03) կամ Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն (ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբ, տուն 20/14, հեռ. +374 12-54-48-90):
Ծանոթություն. – Արական սեռի ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հետ կապված հարաբերությունները՝ կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով:
Միջազգային համաձայնագրերի հիման վրա օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից գործուղված քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում չի տրամադրվում:
Տեղեկատվական կայքեր`
www.edu.am, www.russia-edu.ru, http://russia.study, http://arm.rs.gov.ru: