Վերապատրաստական և հոսպիտացիոն ծրագրեր գերմաներեն դասավանդող ուսուցիչների համար

2017-12-27

Գերմանիայի կրթության և մշակույթի նախարարների խորհրդին կից Գերմանական մանկավարժական փոխանակման ծառայությունը արտերկրում գերմաներեն դասավանդող ուսուցիչներին 2018թ․ առաջարկում է վերապատրաստական և հոսպիտացիոն ծրագրեր:
Առաջարկվող ծրագրերն այս տարի հասցեագրված են առավելապես այն դպրոցների գերմաներենի ուսուցիչներին, որոնցում իրականացվում է գերմաներենի խորացված ուսուցում, և հատկապես՝ որոնցում տրամադրվում է Գերմաներենի լեզվական դիպլոմ: Ծրագրի մասնակիցները ոչ միայն հնարավորություն կստանան զարգացնել իրենց լեզվական և Գերմանիայի վերաբերյալ երկրագիտական գիտելիքները, այլ նաև կծանոթանան այլ հիմունքներով գործող դպրոցների, նորարարական դասավանդման ձևերին, ինչպիսիք են, օրինակ, ներառական կրթությունը, կամ հանուն կայուն զարգացման կրթությունը։ Բացի դրանից՝ նրանք նաև ընդհանուր պատկերացում կկազմեն գերմանական կրթական համակարգի վերաբերյալ:
Ընդ որում՝ հատկապես կարևորվում է երիտասարդ այն մանկավարժների մասնակցությունը,
•ովքեր բուհական ուսումնառությանը հաջորդած առնվազն երեք տարվա դասավանդման փորձ ունեն,
•Հայաստանում արդեն իսկ մասնակցել են գերմաներենի վերապատրաստական որևէ ծրագրի,
•վերջին երկու տարում Գերմանիայում չեն վերապատրաստվել,
•գերմաներենը որպես օտար լեզու կամ գերմաներենով որևէ այլ առարկա են դասավանդում շաբաթական առնվազն 12 դասաժամ հաճախականությամբ,
•ունեն գերմաներենի լավ կամ գերազանց իմացություն (C1 մակարդակ)՝ ակտիվ մասնակցություն ապահովելու համար առաջարկվող ծրագրերին և դպրոցական առօրյային,
•ովքեր հետաքրքրասեր են, շահագրգիռ և մարդամոտ և կարող են այլ մասնակիցների կամ հյուրընկալ դպրոցների հետ շփումներում ներդնել իրենց բաժին պատրաստակամությունը, ինչպես նաև հանդես գալ սեփական նախաձեռնություններով, և կարող են Գերմանիայում ձեռք բերած իրենց փորձը կիսել հայաստանյան գործընկերների շրջանում:
Մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծրագրերը.
1.Հոսպիտացիոն (աշխատանքային հյուրընկալություն) ծրագիր գերմաներենի այն ուսուցիչների համար, ովքեր դասավանդում են 7-18 տարեկան աշակերտներին և ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ: Ծրագիրը կանցկացվի 2018թ. նոյեմբերի 4 – 24-ը (ժամանման և վերադարձի օրերը):
2.14-օրյա վերապատրաստական դասընթացներ, որոնք կիրականացվեն 2018թ. սեպտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբը ժամանակահատվածում գերմաներենի այն ուսուցիչների համար, ովքեր ունեն դասավանդման առնվազն եռամյա փորձ և դասավանդում են 10-18 տարեկան աշակերտներին: Դասընթացի հստակ ժամանակացույցը դեռևս հաստատված չէ:
Լրացվելիք հայտաթերթիկները, ինչպես նաև մասնակցային պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ներբեռնել ստորև նշված հղումներով։ Կից տրամադրում ենք մասնակցության նախապայմանների մասին տեղեկատվություն և հայտաթերթիկներ /կարելի է ներբեռնել նաև  www.eriwan.diplo.de կայքէջից/: 
Բոլոր նրանք, ովքեր բավարարում են հուշաթերթիկներում ներկայացված մասնակցային նախապայմանները, մինչև 2018թ. փետրվարի 6-ը՝ ժամը 16.00-ը, Երևանում Գերմանիայի դեսպանություն պետք է ներկայացնեն համակարգչով լրացված հայտային փաստաթղթերը՝ երկու օրինակից։

     

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։