Դպրոցական կայքերի մրցույթ
2017-10-25
Նկարագրություն
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հանրակրթական ուսումնական հաստատությունների կայքերի ստեղծման և զարգացման գործընթացը խթանելու և գրանցված արդյունքները գնահատելու նպատակով կազմակերպում է «Դպրոցական կայքերի մրցույթ»:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները: Մասնակցության հայտ (հայտը կցվում է) ներկայացրած դպրոցների կայքերը կուսումնասիրվեն, կգնահատվեն մրցույթի հանձնաժողովի կողմից և կընտրվեն լավագույն կայքերը: Հայաստանի կրթական ցանցի http://schoolsite.am տիրույթում (Wordpress համակարգի կաղապարով) ստեղծված և գործարկվող կայքերը կգնահատվեն առանձին անվանակարգով:
Մրցույթի հանձնաժողովը կամփոփի ուսուցիչների և աշակերտների կրթական, մշակութային կյանքը լուսաբանող էլեկտրոնային պաշարների ստեղծման և հարստացման ուղղությամբ կատարած աշխատանքը, կգնահատի դրանց ժամանակին հրապարակումը և կրթական հանրությանը հասանելի դարձնելու ձևերն ու լուծումները, կխթանի տեղեկատվության տրամադրման, համագործակցությա և հետադարձ կապի ապահովման հարցերը:
Խնդիրներ
Մրցույթի հիմնական խնդիրներն են.
զարգացնել ՏՀՏ հմտությունները և խթանել կրթության ոլորտում ՏՀՏ կիրառումը,
աջակցել էլեկտրոնային կրթական պաշարների ստեղծմանը,
նպաստել կրթական ուսումնական հաստատությունների թափանցիկ կառավարմանը:
Մրցույթի հանձնաժողով
Հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցեն կրթության ոլորտում ՏՀՏ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ մասնագետներ:
Գնահատման չափանիշներ
Բովանդակություն
Կայքի բովանդակային կառուցվածքը պետք է համահունչ լինի դպրոցական կյանքին, բազմակողմանի լուսաբանի այն, համակողմանի տեղեկատվություն պետք է տրամադրի գործող ծրագրերի, կազմակերպված միջոցառումներ մասին, ներկայացնի դպրոցի հաջողություններն ու ձեռքբերումները: Կայքում պետք է բաց և թափանցիկ ներկայացվի դպրոցի կառավարման գործընթացը (ներառյալ պահանջվող հաշվետվություններ, տեղեկանքներ և այլն): Հատուկ ուշադրություն է դարձվելու կայքի նյութերի գրագիտությանը:
Ձևավորում (դիզայն)
Կգնահատվի կայքի գեղեցիկ ու հաճելի ձևավորումը, ինչպես նաև ձևավորման համապատասխանությունը կայքի բովանդակությանը: Օգտագործված գրաֆիկական պատկերները պետք է լինեն, դիտելու համար՝ թեթև և մատչելի:
Հարմարավետություն
Կայքը պետք է ունենա հստակ և հաջորդական կառուցվածք: Այցելուները պետք է հնարավորութուն ունենան հեշտությամբ կողմնորոշվել կայքում՝ ներկայացված հրամանացանկերի, հղումների և տեղեկատվության շնորհիվ, պետք է ապահովվի կայքի բովանդակության՝ բաժինների, էջերի մատչելի հասանելիությունը:
Համագործակցություն
Խրախուսվում է տարբեր առարկաների ուսուցիչների և աշակերտների ներգրավումը կայքի ստեղծման, գործարկման, բովանդակության համալրման աշխատանքներում: Համագործակցության արդյունքում ստեղծված նյութերը կարող են ներկայացվել կայքի առանձին բաժիններում, ինչպես նաև՝ հղումների միջոցով:
Մրցույթի ժամանակացույց
Հայտարարության տարածումը՝ 25.10.2017թ.
Կայքերի նախապատրաստում մրցույթին՝ 25.10.2017- 24.11.2017թթ.
Դպրոցների հայտերի ընդունում 27.11.2017-04.12.2017թթ.
Դպրոցների կայքերի գնահատում հանձնաժողովի կողմից մինչև 20.12.2017թ.
Մրցույթի արդյունքների հրապարակում մինչև 22.12.2017թ.
Բոլոր հարցերով դիմել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
Կայք՝ http://ktak.am/
Էլեկտրոնային փոստ՝ manush@ktak.am
Հեռախոսներ՝ 010 578453 կամ 010 578455 (Մանուշակ Ավետիսյան):