«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ /06 դեկտեմբերի 2007 թվականի N1194-Ն/

Հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը


Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ.Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ` Մ.Գրիգորյան), սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչության պետ Ռ.Գասպարյանին:


Նախարար`     Լ.Մկրտչյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
 կրթության և գիտության նախարարի
2007 թ.դեկտեմբերի 6-ի N 1194-Ն հրամանի
պետ գրանցում 11007457


ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ  ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ՀԵՌԱԿԱ   ՈՒՍՈՒՑՄԱՆ  

Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցմամբ կրթության կազմակերպման պայմանները: Այն մշակվել է ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
 
I. Ընդհանուր դրույթներ

1. Հեռակա ուսուցման բովանդակությունը որոշվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված բարձրագույն կրթության պետական կրթական չափորոշիչներով:
2. Հեռակա ուսուցման հիմնական նպատակներն են`
ա/ հիմնական աշխատանքից չկտրված և առկա ուսուցմամբ կրթություն ստանալու հնարավորություն չունեցող անձանց կրթական պահանջմունքների բավարարումը,
բ/ կրթական ծառայությունների մատուցման ոլորտի ընդլայնումը հանրապետության հեռավոր շրջաններում և արտասահմանում բնակվող անձանց համար,
գ/ ուսումնական հաստատություններում օգտագործվող կրթական տեխնոլոգիաների ընդլայնումը և կատարելագործումը:

II. Հեռակա  ուսուցմամբ սովորողների ընդունելությունը

3. ՀՀ բուհերում հեռակա ուսուցումը վճարովի է, բացառությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված արտոնություններից օգտվող ուսանողների:
4. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունեն բարձրագույն, միջնակարգ, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթություն ունեցող  քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման:
5. Հեռակա ուսուցման ընդունելության կանոնները և ընդունելության տեղերը` ըստ մասնագիտությունների հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
6. Ընդունելության ժամանակ դիմորդներին տրվող արտոնությունները սահմանվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգով և  հեռակա ուսուցման ընդունելության կանոններով:
7. Մրցույթով անցած դիմորդները պայմանագիր են կնքում բուհի հետ:

III. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը

8. Հեռակա ուսուցմամբ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի յուրացման նորմատիվային ժամկետները սահմանվում են յուրաքանչյուր մասնագիտության` համապատասխան որակավորման աստիճանի պետական կրթական չափորոշիչներով (ըստ կրթական ծրագրերի` առկա ուսուցման նորմատիվային ժամկետից կեսից մինչև 1 տարով ավելի):
9. Հեռակա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվում է համաձայն ուսումնական պլանի և ուսումնական գործընթացի ժամանակացույցի:
10. Ուսումնական պլանը կազմվում է առկա ուսուցման օրինակելի ուսումնական պլանի հիման վրա` պահպանելով հետևյալ պայմանը` առկա ուսուցման ծավալը յուրաքանչյուր տարում ոչ պակաս 160 ժամից:
11. Ուսումնական գործընթացի ժամանակացույցը (աշխատանքային պլան)  կազմվում է յուրաքանչյուր կիսամյակի կամ ուստարվա համար` ուսումնական պլանի հիման վրա: Ժամանակացույցում նշվում են ուսումնասիրվող առարկաները (դասընթացները), յուրաքանչյուր առարկային հատկացված լսարանային ժամաքանակը և ստուգման ձևը:
12. Ուսումնական պլանը և ուսումնական գործընթացի ժամանակացույցը կազմվում են բուհերի ուսումնամեթոդական ստորաբաժանումների կողմից` համապատասխան ֆակուլտետների հետ համատեղ և հաստատվում ռեկտորի (ուսումնական գծով պրոռեկտորի) կողմից:
13. Դասընթացներն  անցկացվում են բուհի կողմից սահմանված ժամանակացույցով՝ մինչև հինգ շաբաթ ընդհանուր տևողությամբ: Դասընթացներն ավարտվում են քննաշրջաններով, որոնք լինում են` 
ա/ ուսումնաքննական (կիսամյակային կամ տարեկան), որի ընթացքում կատարվում են գործնական, լաբորատոր և կուրսային աշխատանքներ (նախագծեր), ամփոփիչ դասընթացներ` ուսանողների ինքնուրույն աշխատանքի ընթացքում ստացած գիտելիքների համակարգման, ընդլայնման և խորացման նպատակով, անցկացվում են քննություններ, ստուգարքներ, պրակտիկաներ (եթե դրանք նախատեսված են ուսումնական պլանով), ինչպես նաև դրույթային դասախոսություններ և այլ  դասընթացներ, 
բ/ ամփոփիչ ատեստավորման, որի ընթացքում ուսանողները հանձնում են քննություններ, պաշտպանում ավարտական թեզեր:
Յուրաքանչյուր կիսամյակից առաջ ուսանողներին ուղարկվում է սահմանված ձևի տեղեկանք-կանչ:
Քննաշրջանների պարապմունքներն անցկացվում են ուսումնական գործընթացի ժամանակացույցի հիման վրա կազմված դասացուցակներով:
14. Հեռակայող ուսանողի ինքնուրույն աշխատանքի հիմնական մասը գրավոր  աշխատանքների կատարումն է: Գրավոր աշխատանքները, համաձայն ուսումնական պլանի,  նախատեսվում է յուրաքանչյուր կիսամյակի  համար: Յուրաքանչյուր ուսանողի տրվում է անհատական ժամանակացույց, որում նշվում են առարկաների (դասընթացների) անվանումները, գրավոր և կուրսային աշխատանքների (նախագծերի) քանակը, դրանց ներկայացման ժամկետները, միջանկյալ և ամփոփիչ ստուգման ձևերը: Անհատական ժամանակացույցում նշվում է նաև հաջորդ կիսամյակի անցկացման ժամկետները և բուհի համապատասխան ստորաբաժանումների (դեկանատ, ամբիոններ) հեռախոսահամարները: Սահմանված ժամկետներում գրավոր աշխատանքները չներկայացրած ուսանողները դրանք ներկայացնում են կիսամյակի առաջին օրը:
Բոլոր գրավոր աշխատանքները բուհի համապատասխան ամբիոններում ենթարկվում են գրախոսման և նախնական գնահատման: Վերջնական գնահատականը դրվում է գրավոր աշխատանքի բովանդակության վերաբերյալ ուսանողի հետ դասախոսի կողմից անցկացվող հարցազրույցից հետո:
Կուրսային աշխատանքների (նախագծերի) նախնական ստուգումից հետո կատարվում են հետևյալ նշումները` «Թույլատրվում է պաշտպանության» կամ «Չի թույլատրվում պաշտպանության»: Պաշտպանությունը անցկացվում է համապատասխան ամբիոններում` սահմանված կարգով:
Բացասական գրախոսված գրավոր և կուրսային աշխատանքները, որպես կանոն, վերադարձվում են լրամշակման և կրկնակի ներկայացման:
15. Գիտելիքների ստուգման և գնահատման ձևերն ու մեթոդները (միջանկյալ, ամփոփիչ քննություններ, ստուգարքներ), հաճախականությունը, ինչպես նաև դրանց կազմակերպման ու անցկացման կարգը սահմանում է բուհը:
16. Քննաշրջանին մասնակցել թույլատրվում են այն ուսանողները, ովքեր հանձնել են տվյալ կիսամյակում կամ ուստարում ուսումնական պլանով նախատեսված դասընթացների բոլոր բաղկացուցիչները:
17. Նույն առարկայից երեք անգամ անբավարար գնահատական ստանալու կամ նույն քննաշրջանում երեք առարկաներից (ստուգարք և քննություն) անբավարար գնահատական ստանալու դեպքում ուսանողը հեռացվում է բուհից:

IV. Ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը

18. Ուսանողների համար ուսումնական գործընթացի մեթոդական ապահովումը ներառում է`
ա/ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ծրագրերը,
բ/ ուսումնական ձեռնարկներ և հեռակայողների համար ստեղծված դասախոսությունների տեքստեր,
գ/ կիսամյակների միջև ընկած ժամանակահատվածում ինքնուրույն աշխատանքների կազմակերպման համար մեթոդական ցուցումներ,
դ/ գրավոր աշխատանքների թեմաներ, առաջադրանքներ, թեստեր,
ե/ ամփոփիչ ստուգումների հարցաշարեր,
զ/ ամբիոնների կողմից մշակված տեսալսողական  նյութեր և էլեկտրոնային տեսքով ստեղծված մեթոդական այլ նյութեր:
19. Յուրաքանչյուր կիսամյակից հետո բուհը պարտավոր է բոլոր ուսանողներին ապահովելու հաջորդ կիսամյակի համար անհրաժեշտ ուսումնամեթոդական փաստաթղթերով և համապատասխան նյութերով:

V. Պետական ամփոփիչ ատեստավորման կազմակերպումը

20. Ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են այն անձինք, ովքեր ավարտել են հիմնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման լրիվ կուրսը և հաջողությամբ հանձնել ուսումնական պլանով նախատեսված բոլոր քննություններն ու ստուգարքները:
21. Ուսանողները ամփոփիչ ատեստավորման թույլատրվում են բուհի ռեկտորի հրամանով` համապատասխան ֆակուլտետների (դեկանների) ներկայացրած տվյալների հիման վրա:
22. Ամփոփիչ ատեստավորումը կազմակերպվում և անցկացվում է ատեստավորող հանձնաժողովի կողմից`  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով:
23. Ամփոփիչ ատեստավորումը հաջողությամբ անցած շրջանավարտներին տրվում է սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) և համապատասխան ներդիր:
24. Ամփոփիչ ատեստավորումը չանցած կամ ուսումը ընդհատած ուսանողներին, իրենց ցանկությամբ, տրվում է սահմանված ձևի ակադեմիական տեղեկանք:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։