«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻՆ) ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ / 12 դեկտեմբերի 2006 թվականի N 997-Ն/
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետով և «Նախնական մասնագիըական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը»:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն մասնագիտական կրթության վարչությանը /պետ` Ռ.Գասպարյան/, սահմանված կարգով «ՀՀ պետական հավատարմագրված նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը» ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա.Ավետիսյանին:
Նախարար` Լ.Մկրտչյան
Հ ա ս տ ա տ վ ա ծ է՝
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2006 թ. դեկտեմբերի «12» - ի N 997-Ն հրամանով
__________________ L.Մկրտչյան
գրանցման N 11007073
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՆԱԽՆԱԿԱՆ, ՄԻՋԻՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ (ՄԱԳԻՍՏՐԱՆՏՆԵՐԻՆ) ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏԱԼՈՒ
ԿԱՐԳ
1. Սույնով սահմանվում է Հայասատանի Հանրապետության նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ակադեմիական արձակուրդ տալու կարգը և պայմանները:
2. Ակադեմիական արձակուրդ տրվում է նախնական, միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառող սովորողներին, ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին` ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության:
3. Ակադեմիական արձակուրդի տևողությունը մեկ օրացուցային տարի է, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
4. Ակադեմիական արձակուրդ տալու մասին որոշումը կայացնում է ուսումնական հաստատության ղեկավարը (պետը, տնօրենը, ռեկտորը): Հրամանագրման համար հիմք է ծառայում.
- ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության` սովորողի, ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը և պետական առողջապահական հիմնարկի բժշկափորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը:
5. Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ ուսումնառող և կրթաթոշակ ստացող սովորողները, ուսանողները (մագիստրանտները) և ասպիրանտները ակադեմիական արձակուրդից վերադառնալուց հետո վերականգնվում են ուսուցման նույն համակարգում:
Վճարովի ուսուցմամբ ուսումնառող և ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողի, ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի կրթաթոշակ ստանալու կամ լրացուցիչ վճարումներ կատարելու պայմանները որոշվում է ուսումնական հաստատության և ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի միջև կնքված պայմանագրի համաձայն:
6. Ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին հանրակացարան տրամադրելու հարցը լուծվում է համաձայն ուսումնական հաստատության կանոնադրության:
7. Կրթաթոշակներով ուսումնառող օտարերկրյա սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին ակադեմիական արձակուրդ տալու կարգը և պայմանները որոշվում են համաձայն այդ երկրի հետ կնքած միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի:
8. Ակադեմիական արձակուրդ կարելի է տալ նաև այն ուսանողներին (մագիստրանտներին) և ասպիրանտներին ովքեր համաձայն Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հետ կնքած միջպետական պայմանագրերի և համաձայնագրերի կամ ՀՀ կրթության և գիտության նախարարության և այդ պետությունների կրթության կառավարման պետական մարմինների հետ կնքած համաձայնագրերի` մրցույթի կամ դրամաշնորհի շահման արդյունքով հրավիրված են այդ երկրների համապատասխան ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու, որակավորումը բարձրացնելու կամ համատեղ հետազոտություններ կատարելու նպատակով:
9. Ըստ բժշկասոցիալական փորձաքննության եզրակացության ակադեմիական արձակուրդում գտնվող սովորողին, ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին ուսումնական գործընթացին թույլատրելու համար հիմք են ծառայում ուսանողի (մագիստրանտի) և ասպիրանտի դիմումը, պետական առողջապահական բժշկասոցիալական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որոնց ուսումնական հաստատության ղեկավարը (պետը, տնօրենը, ռեկտորը) հրամանով թույլ է տալիս ուսանողին (մագիստրանտին) և ասպիրանտին շարունակելու ուսումը:
10. Ակադեմիական արձակուրդի ժամկետը լրանալու դեպքում, 10 օրյա ժամկետում, անհարգելի պատճառով չներկայանալու պարագայում ուսանողը ենթակա է բուհից հեռացման:
11. Ակադեմիական արձակուրդի դեպքում արական սեռի ուսանողները չեն կորցնում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը:
12. Ուսումնառության ժամանակահատվածում ուսանողը կարող է ձևակերպել ակադեմիական արձակուրդ ոչ ավելի, քան մեկ անգամ:
13. Ակադեմիական արձակուրդից վերադարձող ուսանողի կարգավիճակը /պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ կամ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի)/ մնում է նույնը: