«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /23 հունիսի 2005 թվականի N 975-Ն/

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

ա) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել պետական բուհերի կանոնադրություններում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն կարգից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություն:

բ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 30-ը ապահովել բուհերից խորհուրդների անդամների թեկնածությունների առաջադրումը:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ ԱՄարգարյան

 

2005 թ. հուլիսի 18
Երևան


  

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 975-Ն որոշման

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I.ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

 

2. Խորհուրդը ձևավորվում է հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացուցիչներից:

3. Խորհրդի անդամների թիվը (ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32) սահմանում է հաստատության հիմնադիրը (այսուհետ` հիմնադիր)՝ հաստատության կանոնադրությամբ:

4. Հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում հաստատության կառուցվածքային միավորները`

ա) հաստատության կառուցվածքային միավորների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել հաստատության ցանկացած աշխատող.

բ) հաստատության կառուցվածքային միավորներից առաջադրված անձանց թեկնածություններն ընտրվում են հաստատության գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին.

գ) պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

5. Հաստատության ուսանողության ներկայացուցիչներից խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները`

ա) ուսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվ դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող (ուսանող կամ ասպիրանտ),

բ) հաստատության ուսանողական խորհուրդը ընտրում է ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածությունները և ներկայացնում լիազոր մարմին,

գ) ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը։

6. Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

7. Լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ճանաչված գործատուներ ( խորհրդի կազմի 25 տոկոսը):

8. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

9. Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

10. Խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել`

ա) իր դիմումի համաձայն,

բ) խորհրդի անդամի անգործության հիմնավորմամբ կամ մահվան պատճառով,

գ) խորհրդի անդամի թեկնածությունն առաջադրող մարմնի առաջարկությամբ,

դ) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով,

ե) որպես ուսանող առաջադրվելու դեպքում՝ ուսանողի կարգավիճակը կորցնելու հետևանքով:

11. Խորհրդի անդամի լիազորությունները` լիազոր մարմնի ներկայացմամբ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:

12. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում, այն համալրվում է սույն կարգի 5-8-րդ կետերի պահանջներին՝ համապատասխան:

13. Խորհրդի անգործության դեպքում հիմնադիրը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար ՄԹոփուզյան

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։