«ԱՐՏԱԴՐՈՂՒ /ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ/ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ /19 մարտի 2002 թվականի/
1. Ցուցանակի տեղադրմանը և եզրաչափերին ներկայացվող պահանջներն են՝
ա) ցուցանակը պետք է տեղադրված լինի կազմակերպության ճակատային մասում (որտեղ տեղադրված են մուտքը և ցուցափեղկը) առաջին հարկի լուսամուտախորշերի կամ ցուցափեղկերի արանքում և երկրորդ հարկի լուսամուտախորշերի արանքում և չպետք է դուրս ցցվի երկրորդ հարկի լուսամուտախորշերի ներքևի եզրերից վերև։
Ցուցանակի ներքևի եզրը չպետք է գտնվի հողի մակերևույթից առնվազն 2.5 մետր բարձրության վրա։
բ) ցուցանակը պատի մակերևույթից չպետք է դուրս ցցվի 0.5 մետրից ավելի.
գ) ցուցանակը չպետք է զբաղեցնի շենքի ճակատային մասի 1/6 մասից ավելին.
դ) ցուցանակի տառերի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 0.8 մետր և ոչ պակաս, քան 0.1 մետր.
ե) ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի ներքին անհատական կամ արտաքին հոսանքի աղբյուրներով և չպետք է ունենա թարթող լուսավորման աղբյուրներ.
զ) ցուցանակը տեղադրվում է հակահրդեհային, սանիտարական և սպասարկման նորմերի և անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան։
2. Ցուցանակի լեզվին և լրացման ձևերին ներկայացվող պահանջներն են՝
ա) ցուցանակի լեզուն հայերենն է։ Ցուցանակի հայերեն տեղեկատվությունը կարող է զուգորդվել այլ լեզուներով նշված տեղեկատվությամբ.
բ) ցուցանակի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով շարադրված տարբերակի ծավալին.
գ) ցուցանակի այլ լեզվով շարադրանքը պետք է լինի հայերեն շարադրանքից ներքև կամ աջ հատվածում (ըստ ձախից աջ գրության)։
3. Ցուցանակների վրա պետք է զետեղվեն հետևյալ տեղեկությունները՝ կազմակերպության ճակատային մասում փակցված ցուցանակի վրա նշվում են կազմակերպության (ֆիրմայի) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, իսկ մուտքի դռան ցուցանակի վրա՝ աշխատանքայն ռեժիմը։